Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թվում է` հայաստանյան իշխանությունների դեմ պայքարի բոլոր ձևերն իրենց սպառել են: Մնացել է, թերևս, հեղափոխությունը, այն էլ` զենքով, որովհետև անզեն հեղափոխությունները ևս, որպես վիճակը կտրուկ փոխելու միջոց, էֆեկտիվ չեն այլևս:
ՀՀ իշխանություններն այսօր ամենահեղափոխականն են, երբ խոսք է գնում իրենց իսկ անճարակության մասին: Սա արդեն նշանակում է, որ խաղաղ հեղափոխություն վերևից բացառված է, իսկ ներքևում էլ, Աստված տվել չի խնայել, այնպւսի հեղափոխական ուժեր ունենք, որոնց մեծ մասի ղեկավարները դարձյալ վերևներն են կամ վերևների մարդիկ:
Իսկ ինչ վերաբերում է «ֆիզիկական» ուժի միջոցով գործող իշխանություններին նախկին դարձնելու խնդրին, ապա այստեղ մեր պատկերացումներն են խիստ սահմանափակ, թե ինչպես պետք է անել դա: Մենք բունտից այնկողմ ոչինչ չենք կարողանում պատկերացնել ու ծրագրել: Բունտն էլ` երանի ենք տալիս, որ ինքնաբերաբար սկսվի, քանզի Հայաստանում ուղղակի հնարավոր չէ պոտենցիալ բունտավշչիկներին հետևից տանել, կազմակերպել ու ուղղորդել: Բայց հենց բունտը սկսվի, բունտի գլուխ անցնողների պակաս չի զգացվի: Կգան բոլոր կողմերից, այդ թվում` նաև իշխանության կողմից գործուղված էմիսարներ, որոնք մի քանի օրվա մեջ կխաղաղեցնեն ամեն ինչ:
Ստեղծված իրավիճակում միակ զենքը, որով կարելի է պայքարել Հայաստանի իշխանությունների դեմ գաղափարականությունն է: Միակ բանը որ չունի ՀՀ իշխանությունը կամ ինչից կաղում է, դա գաղափարական հենակետն է: Մեր իշխանությունն այսօր հենված է ամեն ինչի վրա, բացի գաղափարներից: Փողի, բիրտ ուժի, ստի, կեղծիքի, ինքնագովազդի, ինքնապախարակման, գեղանկարչության, թալանի, խաբեության, աճպարարության, բայց ոչ որևէ ամենահասարակ գաղափարի: Իշխանության ունեցածին պետք է հակադրել գաղափարական հենք ունեցող այլընտրանքային մեխանիզմ, որի դեմ անզոր են բոլոր թվարկված միջոցները: Իշխանության համար նաև չափազանց դժվար կլինի գաղափարական դաշտ էմիսարներ գործուղելը, քանզի այդ դաշտում ամեն ինչ ավելի քան թափանցիկ է, ջուր պղտորելը՝ գրեթե անհնարին:
Խոսքը, ինչպես արդեն կռահեցիք, գաղափարական ընդդիմության մասին է: Իշխանությունների համար այդ ընդդիմությունը իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե չասենք՝ անհաղթահարելի խոչընդոտ: Կարող է չհավատաք, բայց իշխանական առանձին կայքեր արդեն գրել են. «Պետք չէ ընդդիմության պայքարի անկյունաքար հռչակել գաղափարականությունը` ինչ ուժ էլ որ լինի ընդդիմության լոկոմոտիվը: Դա, թերևս, ընդդիմությանը ընդամենը զրկում է ճկունությունից, սահմանափակում նրա քաղաքական ընթացքի թեթևությունը»: Այս տողերից կարելի է ենթադրել, որ ամենաճկուն ընդդիմադիր կենդանին ավանակն է, քանզի նա, ամենահաս լինելով ամեն ինչում, զուրկ է գաղափարականությունից, հետևաբար` նաև ամենաճկունը իր գործողություններում, երբ ամեն կողմից բեռ են բարձում վրան: Նույն կայքը, սակայն, փորձել է գտնել գաղափար և գաղափարականություն երևույթների այլընտրանքը, և ահա թե ինչ է ստացվել դրանից. «Ընդդիմության պայքարի հիմքում, թերևս, պետք է դնել կենսակերպը, օրինականության և հանրային, քաղաքացիական պարկեշտության վրա հիմնված կենսակերպը»:
Շատ փորձեցինք հասկանալ, թե ինչ են իրենք հասկանում «կենսակերպ» բառի տակ և ինչպես են պատրաստվում այն դնել ընդդիմության պայքարի հիմքում: Նորից պետք է հիշեմ ավանակին: Ավելի պարկեշտ կենսակերպ, քան այդ կենդանունն է, թերևս գոյություն էլ չունի: Իսկ թե ինչու ոչ ոք ավանակի հետևից չի գնում նորանոր նվաճումների, մնում է միայն ենթադրել: Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ փիլիսոփայել սիրող մեր գործընկերներին: Ձեր ասած «օրինականության և հանրային, քաղաքացիական պարկեշտության վրա հիմնված կենսակերպը» ոչ այլ ինչ է, եթե ոչ «արդարություն» գաղափարի շրջասացության անհաջող փորձ: Այն ի զորու չէ արտահայտել արդարություն գաղափարն ամբողջությամբ: Բանն այն է, որ արդարության գաղափարն ինքնին ենթադրում է նաև ազատություն, մինչդեռ «հանրային, քաղաքացիական պարկեշտություն» արտահայտությունը հնազանդության կոչ է պարունակում: Դու այսպիսի կոչ կարող ես անել քաղաքացիական հասարակությանը, որն ապրում է արդար և օրինավոր երկրում: Հայաստանում ընդդիմության վրա կծիծաղեն, եթե նա պարկեշտ կենսակերպ քարոզի ՎՊ զեկույցի և վարչապետի ֆոնին, այդ ընդդիմությանը հասարակությունը կուղարկի գրողի ծոցը, եթե նա Լիսկայի ֆոնին օրինապաշտություն քարոզի:
Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ ու տարբեր ժամանակահատվածում են ընկալում իրենց շահերին ծառայող գաղափարները: Հայ ժողովուրդը, ոչ իր մեղքով, վերանկախացումից հետո մեծ դժվարությամբ է ըմբռնում այնպիսի հասարակ գաղափարներ, ինչպիսիք են նույն արդարությունն ու ազատությունը: Ինչպես ասում են՝ խորհուրդ տվողները շատ են եղել: Այսօր, սակայն, հայ ժողովուրդը մի վիճակում է, երբ նրան պետք են ոչ թե խորհուրդ տվողներ, այլ կազմակերպիչներ՝ իշխանափոխության գաղափարական կազմակերպիչներ: Այնպիսիք, որ գիտեն ինչ անել իշխանափողությունից հետո, որ գիտեն ինչ է պետք ժողովրդին, որպեսզի նա իրեն զգա իր ապահով և օրինավոր երկրի տերը: Հենց դա զգաց՝ ինքնաբերաբար կգա նաև քաղաքացիական հասարակության անդամին վայել կենսակերպով ապրելու բնական ձգտումը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ