Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոտ մեկ տարի առաջ՝ 2012թ. մայիսին փակվեց Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գործող «Բի-Բի-Ջի» (BBG) բժշկական կենտրոնը, որը բացվել էր ընդամենը 2007 թվականին: Հիվանդանոցը մասնավոր էր եւ արտոնագրված առողջապահության նախարարության կողմից:
Այն հագեցած էր ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ներկրված նորագույն բուժտեխնիկայով, մի շարք հիվանդությունների գծով հետազոտություններ ու վիրահատություն կատարվում էին միայն միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ կլինիկական բուժական այդ հիմնարկում: Այդ առումով հիվանդանոցը մարզում միակն էր: Մի խոսքով` կենտրոնն ուներ բոլոր սարքավորումները, անձնակազմը, ներդրումների կարիք չուներ, բայց, ըստ պաշտոնական պատճառաբանության, փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով: «Պատճառը ֆինանսական ճգնաժամն է»,- ասել էր հիվանդանոցի տնօրեն Լեւոն Սիմոնյանը:
Եթե խոսքը ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է, որը պատուհասեց ամբողջ աշխարհը, այդ թվում` եւ մեզ, ապա տարակուսելի է, որ 2009 թվականին արձանագրված ճգնաժամի պատճառով միայն 2012 թվականին է փակվում հիվանդանոցը, այն դեպքում, երբ արդեն 2010-ին կառավարությունը հայտարարեց ճգնաժամի հետեւանքները վերացնելու մասին: Բացի այդ` անկախ ֆինանսական ճգնաժամից, առողջությունը մնում է առողջություն, եւ մարդիկ ճգնաժամի արդյունքում թերսնվելու, բիզնեսը կորցնելու հետեւանքով նյարդայնանալու, սթրես տանելու եւ զանազան այլ պատճառներով ավելի քայքայեցին իրենց առողջությունը, եւ հիվանդանոցները բացառիկներից էին, որ ճգնաժամի արդյունքում չտուժեցին:
Եթե խոսքը հիվանդանոցի ճգնաժամի մասին է, ապա սա եւս տարակուսելի է, քանի որ այն չուներ մասնագետների եւ այցելուների պակաս. այնտեղ բուժվելու էին գալիս ոչ միայն Մարտունիից, Վարդենիսից, Լիճքից, այլեւ Հայաստանի տարբեր մարզերից ու Երեւանից, քանի որ, ինչպես նշեցինք, որոշ հիվանդությունների մասով հետազոտություններ ու վիրահատություն կատարվում էր միայն այդտեղ: Ի դեպ, հիվանդանոցն ուներ նաեւ բարերարներ՝ ի դեմս մոսկվայաբնակ գործարարներ Գնուն եւ Հովհաննես Հակոբյանների:
Yerkir.am-ին հայտնի է դարձել «Բի-Բի-Ջի» հիվանդանոցի փակման բոլորովին այլ պատճառ: Պարզվում է՝ հայ հայտնի օլիգարխներից մեկը, ով ընտրել է հարստացման ամենահեշտ եղանակ` այս կամ այն գործարարի «վզին նալոգ դնելը» ու բիզնեսին փայ մտնելը, տեղեկանալով, որ այս հիվանդանոցի գործերը «աջ» են գնում, որոշել է հերթական բիզնեսից մաս ունենալ՝ պահանջելով եկամտի 50 տոկոսը: Մերժում ստանալով՝ սպառնացել է խլել հիվանդանոցը: Բժշկական կենտրոնի բարերարներն էլ որոշել են փակել այն՝ ավելի լավ է չունենալ հիվանդանոց, քան կիսել այն պորտաբույծների հետ: Եվ այդպես հիվանդանոցի արդիական սարքավորումների վրա կուտակվում է անգործության փոշին՝ հայ օլիգարխիայի նկրտումների պատճառով:
ՀՀ կառավարությունը բազմիցս է կարեւորել հիվանդին տեղում բուժօգնություն ու անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այժմ հատկապես բժշկական որակյալ կազմի պակաս ունենք մարզերում, եւ ամեն օր, հիվանդների չկարողանալով բուժել, մարզերի բժիշկները ասում են՝ «շտապ տարեք Երեւան»: Սակայն մասնագետերով ու սարքավորումներով հագեցած այս միակ հիվանդանոցը փակվեց, որը ե'ւ մատչելի էր, ե'ւ ապահով:
Տարաբնույթ եւ հիմնականում՝ սոցիալական պատճառներով մեր հայրենակիցներից շատերը լքել են երկիրը, ու տարբեր պետություններում, հասնելով ֆինանսական բարվոք դրության, փորձում են ինչ-որ կերպ օգնել հայրենի գյուղին ու քաղաքին՝ բացելով գործարան, հիվանդանոց, դպրոց: Ու մշտապես հայտնվում է մի պորտաբույծ, որը, լինելով «բարձրագույն» պաշտոնյա կամ նրա բարեկամ-ընկեր-հարազատ-ընտանիքի անդամ, «բարձրագույն» հնարավորությունները գործի դնելով՝ մսխում է ամբողջ եղածը: Այդ բարերարները, վստահ եմ, Հայաստանի անունն էլ չեն ուզի լսել այլեւս:
«2011 թվականից մինչեւ 2013թ. մայիս ամիսը ներառյալ` առողջապահության նախարարության արտոնագիր ունեցող քանի՞ մասնավոր հիվանդանոց է փակվել Հայաստանում, ո՞ր հիվանդանոցներն են, եւ որո՞նք են գործունեությունը դադարեցնելու բուն պատճառները»,- ի պատասխան yerkir.am-ի այս գրավոր հարցման, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ եկած պատասխանում նշված է, որ մեր նշած ժամանակահատվածում «Առողջապահության նախարարության կողմից դադարեցվել են (իրենց դիմումի համաձայն), բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային գործունեության տեսակ իրականացնող երեք կազմակերպությունների տրամադրած լիցենզիաներ»՝ Երեւանում գործող «Մանուկ պոլիկլինիկա»-ն, «Եվրոպական բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն եւ Արզնի գյուղում գտնվող «Սիպսուս» ՍՊԸ-ն: Երեքն էլ փակվել են 2012 թվականին:
«Այդ կազմակերպությունների բժշկական օգնություն եւ սպասարկում գործունեության դադարեցման պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի»,- ասվում է նախարարությունից մեզ ուղարկված պատասխանում:
Ուշագրավ է այն, որ 2012 թվականի մայիսից փակված «Բի-Բի-Ջի» կենտրոնի մասին նախարարության պատասխանում ոչինչ նշված չէ... Եթե իմանային, որ անդրադառնալու ենք «Բի-Բի-Ջի» կենտրոնին, վստահ ենք, հաստատ մի պատճառ կգտնեին, որպեսզի խնդրի իսկությունը շրջանցեին: Այդպես էլ մտածում էինք, ուստի հարցումն ուղարկելիս «Բի-Բի-Ջի» բժշկական կենտրոնի մասին ոչինչ չէինք նշել...
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ