կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-11 10:22
Առանց Կատեգորիա

Օլիգարխիայի մայրամո՞ւտ, թե՞ նախընտրական բլեֆ

Օլիգարխիայի մայրամո՞ւտ, թե՞ նախընտրական բլեֆ

Պետական համակարգից և իշխանությունից գործարարության տարանջատման մասին նախագահի հնչեցրած միտքը ոչ միայն օլիգարխիայի առկայության, այլև վերջինիցս քաղաքական իշխանության կախվածության անուղղակի խոստովանություն էր: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ եկել է սխալն ուղղելու ժամանակը, դժվար է ասել: Փաստը, որ նախագահն այդ խոստովանությունն անում է հենց ընտրարշավն սկսելուն զուգընթաց, թույլ է տալիս մտածելու, որ նման իրական տրամադրվածություն և քաղաքական կամք առայժմ չկա:

 

Այդ ուղղությամբ անցած 3 տարիներին որևէ էական քայլ չի արվել: Մինչդեռ ընտրական շրջափուլերից դուրս ժամանակահատվածներում նման կարգի սկզբունքային հարցերի լուծումը ոչ միայն ավելի արժանահավատ կլիներ, այլև` արդյունավետ: Փոխարենը՝ իշխանությունն այդ ընթացքում ամեն ինչ արեց օլիգարխիայից պետական կառավարման համակարգի կախվածությունն մեծացնելու համար: Գործադիր իշխանության պորտֆելների մի զգալի մասն ուղղակի հայտնվեց խոշոր գործարարների «ձեռքին», և այսօր ունենք նախարարներ, որոնք սեփական բիզնեսներ ունեն հենց այն ոլորտներում, որոնց ղեկավարման պատասխանատվությունն ի պաշտոնե դրված է իրենց վրա:

 

Նախագահն ընդամենը օրեր առաջ կատարեց մի քանի սկզբունքային կադրային վերադասավորումներ, բայց դրանցից ընդամենը մեկը` Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կարելի է ընկալել իբրև պետական իշխանությունից գործարարների տարանջատման դրսևորում: Մինչդեռ եթե նպատակը օլիգարխիայի հեռացումն էր իշխանությունից, ապա պաշտոնանկ պետք է արվեին առնվազն 5-6 նախարար, կառավարությանն առընթեր առնվազն 3-4 պետական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ԱԺ փոխնախագահներից առնվազն մեկը:

 

Հարց է առաջանում` ինչո՞ւ նաև նրանց հարցում կոշտ կադրային քաղաքականություն չվարվեց: Այնինչ արդեն պետք է ուրվագծվեր, թե այդ տարանջատումն ինչպես, ինչ մեխանիզմներով է տեղի ունենալու: Նման իրավական բազա պարզապես գոյություն չունի ու եթե անգամ այն իրականություն էլ դառնա, ապա պայմանավորված է լինելու միայն գերագույն իշխանության ցանկությամբ ու կամքով: Կցանկանա՞ նախագահը, որ Աժ-ում մականունավոր օլիգարխներ, կիսաքրեական տարրեր չլինեն, և՝ հակառակը: Իսկ այն, ինչ կախված է ոչ թե իրավական դաշտից, այլ անհատի ցանկություններից, փոփոխական է ըստ իրավիճակների ու երբեք օրինաչափության չի վերածվի:

 

«Հանրային ծառայության մասին» օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2012-ից, որոշ այդպիսի լուծումներ սահմանվում են` կապված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովների ձևավորման, շահերի բախման և եկամուտների հայտարարագրման հետ: Սակայն երբ օրենքն ընդունվում էր, պատգամավորներն ամեն ինչ արեցին, որ դուրս գան այդ օրենքի դաշտից` որոշելով, որ իրենց հետ կապված հարցերը լուծվելու են ԱԺ կանոնակարգ-օրենքով: Բայց առ այսօր հարցը մնում է չլուծված:

 

Եվ ամենատարօրինակն այն է, որ օլիգարխիային իշխանությունից տարանջատելու խնդիր դրած նախագահի քաղաքական թիմը` ՀՀԿ-ն, կառավարությունը ոչ միայն չպնդեցին, որպեսզի այդ լուծումները տարածվեն բոլորի վրա անխտիր, կամ էլ անմիջապես համապատասխան փոփոխություններ կատարվեն ԱԺ կանոնակարգում, այլև գնացին զիջումների, թույլ տալով, որ ընդունվի անատամ օրենք, որի արդյունավետությունն արդեն իսկ կասկածահարույց է:

 

Ակնհայտ է, որ կուսակցականացվող գործարարներն իշխանության մաս լինելու, դրանով իսկ անձեռնմխելիության հավելյալ երաշխիքներ ձեռք բերելու, իսկ ընդունողներն էլ նրանց ֆինանսական և այլ ռեսուրսները նախընտրական արշավի շրջանակներում օգտագործելու նպատակներ են հետապնդում: Տեղի է ունենում պարզ առևտուր: Եթե քաղաքական իշխանությունը օլիգարխիայից տարանջատվելու խնդիր է դրել, ապա բոլոր երեք կուսակցություններն էլ պետք է այդ գործարարներին խոստովանեն, որ չեն կարող նրանց ցանկությունները կատարել, որն առայժմ չի կատարվում:

 

ՀՀԿ-ն իրեն կարող է թույլ տալ, թեկուզ հանրային աջակցության բացակայության պայմաններում, տարանջատվել գործարարներից: Հեռացվող այդ ռեսուրսը նա ունակ է փոխհատուցել իր տրամադրության տակ գտնվող պետական կառավարման, վարչական լծակներով: Երբ նա մյուս ուժերին, որոնք այլ ռեսուրսներ չունեն, ստիպում է ձերբազատվել այդ կոնտիգենտից, նրանց մղում է իր հետ անհավասար մրցակցային միջավայր և ստանում առավելություն: Այս քայլով նա կարող է պարզապես պայթեցնել այն կուսակցությունները, որոնց գոյությունը պայմանավորված է բացառապես օլիգարխիայի լեգիտիմացմամբ: Եթե խնդիր է դրված իսկապես վերացնելու օլիգարխիան, որպես իշխանություն, ապա նախևառաջ նախագահը պետք է մյուսների հետ պայմանավորվեր նաև ազնիվ հավասար մրցակցության, պետական լծակներից ոչ մի պարագայում չօգտվելու մասին: Հակառակ դեպքում՝ այս մտահղացումը հանգեցնելու է առանց այն էլ կիսախարխուլ քաղաքական համակարգի կազմաքանդմանը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ