կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-05-05 14:30
Քաղաքական

Կառավարություն, որ օլիգարխիայի շահերի սպասարկումը կթաքցնի պոպուլիզմի շղարշով

Կառավարություն, որ օլիգարխիայի շահերի սպասարկումը կթաքցնի պոպուլիզմի շղարշով

Նախագահ Սերժ Սարգսյանը, ամեն ինչ ձգձգելու իր աշխատաոճին համապատասխան, կառավարությունը վերջնականապես ձևավորելու խնդիրը լուծեց մինչև դրա համար սահմանված սահմանադրական ժամկետի վերջին րոպեները: Դա, իհարկե, նրա իրավունքն է: Սակայն այն ընդհանուր անկումային դրության պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, նման ձգձգումը, մեղմ ասած, չհիմնավորված ճոխություն է:

 

Օրինակ` թվում էր, թե մարտ ամսին արձանագրված անսպասելի ցրտահարության հետևանքները մեղմելու, հանրապետության բազմաթիվ շրջաններում լայն թափով ընթացող գարնանային գյուղատնտեսական աշխատանքները բնականոն կազմակերպելու հրամայականը պետք է դրդեին եթե ոչ առաջինը, գոնե առաջիններից մեկը լուծել գյուղատնտեսության նախարարի նշանակման հարցը: Բայց այդ պաշտոնում Սերգո Կարապետյանի վերանշանակումը տեղի ունեցավ ամենավերջինը: Եվ դրա միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել իշխանության կադրային դեֆիցիտը: Արդեն իսկ կարելի ասել, որ սա ոչ թե նոր, այլ նորացված կառավարություն է:

 

Կադրային փոփոխություններ տեղի են ունեցել գործադիրի 19 պաշտոններից միայն 8-ում: Ընդ որում` դրանց ճնշող մեծամասնության պարագայում փոփոխություն ասվածը խիստ հարաբերական է, որովհետև որոշ դեպքերում վերադարձել են նախին նախագահի պաշտոնավարման ժամանակ գործած կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք (Կարեն Ճշմարիտյան, Երվանդ Զախարյան, որոշ վերապահումներով` Նարեկ Սարգսյան, Գագիկ Խաչատրյան): Նաև այն փաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է քոչարյանական գրեթե բոլոր կառավարությունների առանցքային ֆիգուրներից մեկը, իսկ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում վերանշանակված Արմեն Գևորգյանը հանդիսացել է նախկին նախագահի ամենավստահելի և լուրջ հեղինակություն ունեցող կադրերից մեկը, թույլ է տալիս պնդելու, որ նորացված կառավարությունում ակնհայտորեն ընդլայնվել է, այսպես կոչված, իշխանության քոչարյանական կադրային կոնտինգենտի քվոտան: Ձևավորվել է կոմպրոմիսային կառավարություն:

 

Կոմպրոմիսը տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և նրանց միջև յուրահատուկ կամրջի դեր կատարող Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Ինքնին կոմպրոմիսային սկզբունքով գործադիրի ձևավորումը նշանակում է, որ նորացված կառավարության համար առաջնայինը լինելու է ոչ թե բարեփոխումների իրականացումը, սոցիալ-տնտեսական կաթվածային վիճակի բարելավումը, այլ քաղաքական դաշտում նոր ստատուս քվոյի հաստատումը և քաղաքական ուժերի նոր հարաբերակցության պահպանումը` քաղաքական հավասարակշռության ստեղծման և ապագա իշխանության նոր կառուցվածքի ձևավորման համատեքստում: Կոմպրոմիսային լուծումների մյուս` թաքնված նպատակը Հովիկ Աբրահամյանի ներիշխանական ազդեցության և նրա նկատմամբ հանրային վստահության մեծացումն է, որը տեղի է ունենալու երկու զուգահեռ ճանապարհով` մի կողմից` քաղաքական որոշումների կայացման պրոցեսում նրա դերակատարության մեծացման, ինչպես նաև գործադիրի լծակներին տիրապետման լայն իրավունքների տրման միջոցով, մյուս կողմից` քաղաքական «այլընտրանքային» կամ ծառուկյանական դաշտից աբրահամյանական կառավարության նկատմամբ լոյալ, ըմբռնողական դիրքորոշմանը հասնելու և հանրային նոր սպասելիքների ակտիվ մանիպուլյացիաների: Ի դեպ, նոր վարչապետն արդեն իսկ լծվել է դրան` շեշտը դնելով արտաքուստ պոպուլյար հայտարարությունների հնչեցման վրա: Դրանցից, առայժմ միայն սուր պոպուլիզմի հոտ է գալիս, որովհետև ոչ միայն առայժմ որևէ կոնկրետ գործողությամբ, արդյունքով չեն հիմնավորվել, այլև արդեն իսկ հակադրվում են այնպիսի վիճահարույց որոշումների հետ, ինչպիսիք են «ճոխության հարկի» վերացումը, Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալների անհիմն ընդլայնումը` չնայած տված խոստմանը, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից չհրաժարվելուն ուղղված օրինագծի ներակայացումը և այլն:

 

Այս գործողություններն ավելի շատ համոզում են կառավարության կողմից իմիտացիոն փոփոխությունների քաղաքականությունը շարունակելու, քան նոր աշխատաոճ որդեգրելու հակվածության մասին: Ավելին` նոր կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների բնույթն արդեն իսկ թույլ է տալիս կատարել շատ ավելի հոռետեսական եզրահանգումներ: Նարեկ Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշակմանը զուգահեռ նրա կողմից մինչ այդ ղեկավարվող ճարտարապետության պետական կոմիտեն մտցվեց նույն նախարարության կառուցվածք: Դրանով փաստվեց, որ կոմիտեն ստեղծվել էր ընդամենը Նարեկ Սարգսյանի «հագով»: Դա պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես կարող է անհատի անձնական ամբիցիաները բավարարելու խնդիրը դառնալ պետական կառավարման համակարգի վերափոխումների մոտիվացիոն, շարժիչ գործոն: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքակիրթ աշխարհը վաղուց գնում է ոլորտայինի քաղաքականության մշակման և դրա կիրառման գործառույթների հստակ տարանջատման ճանապարհով, քանի որ դրանց կենտրոնացումը պետական կառավարման ոլորտում համարվում է ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներից: Մինչդեռ, պարզվում է, որ մեր դեպքում այսքանը դեռ նույնիսկ քիչ է:

 

Եթե ճարտարապետության կոմիտեի շուրջ ընթացող տնավարի մոտեցման դեպքում գործ ունենք միայն նարեկսարգսյանական ամբիցիաների բավարարման հետ, ապա պետեկամուտների ծառայությունը ֆինանսների նախարարությանը միացնելու դեպքում արդեն` մի ողջ «կաստայի»` օլիգարխիայի: Կառուցվածքային այդ փոփոխությունը ֆինանսների նախարարի պաշտոնում ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի նշանակմամբ զուգակցելը նշանակում էր ֆինանսական համակարգն ամբողջությամբ հանձնել օլիգարխիայի հսկողությանը: Խաչատրյանը պետական ոլորտում իր պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միմիայն անձնական կարողությունները մեծացնելու, նորանոր ոլորտներում մենաշնորհային կարգավիճակ ստանալու և փոքր, միջին ձեռնարկատիրությունը վարչարարական լծակներով կեղեքելու իր համառությամբ: Նման ֆիգուրը չի կարող պայքարել ստվերային տնտեսության կրճատման, օլիգոպոլիաների վերացման դեմ այնքանով, որքանով չի կարող պայքարել ինքն իր դեմ: Հետևաբար, նման օլիգարխին նման գերլիազորություններով օժտելը վկայում է պետական միջոցների տնօրինման, վերահսկման ողջ գործառույթը օլիգարխիային հանձնելու թաքնված պրոցեսի մասին:

 

Դա հաստատում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը գրեթե ինստիտուցիոնալ մակարդակի է հասցնում պետության կախվածությունը օլիգարխիայից և ստանձնում է այդ շերտի շահերի սպասարկման գործառույթը: Եթե մինչև հիմա այս երևույթը թաքնված բնույթ ուներ, ապա հիմա ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային: Թերևս համարվում է, որ իմաստ չկա թաքցնելու այն, ինչ վաղուց հայտնի էր բոլորին:

 

Գևորգ Աղաբաբյան