Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մոտ մեկ շաբաթ է անցել, ինչ «Առավոտ» օրաթերթը հրապարակել է այս տարվա հունվարին Պրահայում Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` փակ ռեժիմով անցկացված հարցուպատասխանի ձայնագրության սղագրությունը, որում նա մի քանի, մեղմ ասած, տարօրինակ, ուղղակի անհավատալի պնդումներով հայտարարություններ է անում:
Հիշեցնենք, որ դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանում բիզնեսի մոնոպլիզացվածության մասին մի հայ գործարարի արած այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է, օրինակ, շաքարը Հայաստան ներկրվում միայն մեկ մարդու կողմից, ինչին նախագահը զարմանալի անկեղծությամբ պատասխանում է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգո՞վ շաքար ներկրեն»: Քանի որ մարդու հավատ չէր գալիս, թե նախագահը, ով առիթը բաց չի թողնում` խնդրելու սփյուռքահայ գործարարներին Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարել, կարող է նման հայտարարություն անել, թվում էր, թե նախագահի աշխատակազմը հանդես կգա հերքմամբ կամ գոնե ասվածը սրբագրելու նախաձեռնությամբ: Բայց դա այդպես էլ տեղի չունեցավ, ինչով ոչ միայն պաշտոնապես հաստատվեց հրապարակվածի ճշմարտացիությունը, այլև, ըստ էության, լեգիտիմացվեց տնտեսությունը, մասնավորապես` ներկրման ոլորտը մենաշնորհայնացնելու և դա պետության կողմից հովանավորվելու իրողությունը: Այլևս պարզ է, որ տնտեսության խորացող մոնոպոլիազացումն ու օլիգոպոլիաների անկաշկանդ գոյությունն ու գործունեությունը ոչ թե դրանց նկատմամբ պետության անկարողության և անգործունակության դրսևորում է, այլ ճիշտ հակառակը` հենց պետության կամ պետական իշխանության կողմից խրախուսվելու արդյունք:
Ահա այս ֆոնին մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի դուրս եկած վաճառականներին ընդունելով, հայտարարում է. «Այս երկրում պետք է փոքր և միջին ձեռներեցության հարկային բեռը թեթևացնենք, որ դուք կայանաք: Մեր նպատակը դուք չեք, այլ խոշորներին հարկային դաշտ բերելն է»: Թե ինչպես է պատրաստվում վարչապետը լուծել այդ խնդիրը, երբ հանրապետության նախագահն օրինաչափ է համարում տնտեսությունը ըստ ոլորտների մի քանի հոգու շրջանում «մեջ-մեջ անելու» պրակտիկան, երևի թե գիտեն միայն Հանրապետական կուսակցությունում: Բայց քանի դեռ վերջինս այս հանելուկի պատասխանը չի տվել, գործարարները, այդ թվում` թե' խոշորների և թե', հատկապես, ՓՄՁ-ների ներկայացուցիչները հայտնվում են առաջին հայացքից բարդ երկընտրանքի առջև` նրանք պետք է որոշեն ում հավատալ` հանրապետության նախագահի անկեղծ խոստովանությունների՞ն, թե՞ վարչապետի խոստումներին և կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրվածին: Իրականում, սակայն, մեծ ընտրություն նրանք չունեն և դա սովորեցնում են հասկանալ հայրենի օլիգարխիայի մեծ ու փոքր ներկայացուցիչները` «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը և ոսկու շուկայի (ժողովրդի մեջ առավել հայտնի` բաղնիքի) սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը:
Աղաբաբյանը, անդրադառնալով մանրածախ առևտրի ոլորտի, հիմնականում` տոնավաճառների ներկայացուցիչների բողոքներին, ասել է. «Հանգիստ պտի նստեն իրանց տեղը, մինչև էս խնդրի լուծումը տան»: Նա նաև հավելել է, թե, ըստ ամենայնի, վաճառականներին ընդդիմությունն ու լրագրողներն են հրահրում ակտիվ գործողությունների: Ի տարբերություն Աղաբաբյանի, Վաղարշ Աբրահամյանը միայն հայտարարություններով չի բավարարվում: Կառավարության դիմաց բողոքի առաջին իսկ ակցիայից հետո նա անձամբ սկսեց ջարդուփշուր անել իր օբյեկտում տարածքներ ունեցող «մոլորյալ» բողոքավորների սեղանները, իսկ ավելի ուշ սկսեց նաև խզել պայմանագրերը նրանց հետ: Փաստացի ահաբեկման, ընդհուպ բռնությունների կիրառման այս ակտն արդեն տվել է իր արդյունքները. երեկ ԱԺ-ի մոտ կայացած բողոքի ակցիային ո'չ ոսկու շուկայից, ո'չ էլ «Հրազդան» տոնավաճառից որևէ մեկը չէր մասնակցում:
Հետաքրքրականն այն է, որ, ըստ տրամաբանության, ո'չ Աղաբաբյանը, ո'չ Աբրահամյանը ու ո'չ էլ տովավաճառների տերերից որևէ մեկը ՓՄՁ այս ներկայացուցիչների բողոքի ուղղակի հասցեատերը չեն:Նրանք, ի տարբերություն նախկին առանձին դեպքերի, այս անգամ բողոքում են ոչ թե նրանցից, իրենց աշխատանքային պայմաններից, այլ օրենքի կիրառումից և հարկային վարչարարությունից` այն մտավախությամբ, որ, չկարողանալով լուծել խոշորներին հարկային դաշտ բերելու խնդիրը, շրջանառության հարկի շրջանակներում հարկայինը սկսելու են քամել ՓՄՁ-ներին` նրանց ենթարկելով տուգանքների: Այսինքն` ստեղծվել է մի հետաքրքրական իրավիճակ, երբ տոնավաճառների տերերը պաշտպանում են ոչ թե անձամբ իրենց շահերը, այլ արտաքուստ` պետության: Եվ հանուն այդ «վեհ գաղափարի»` պատրաստ են նույնիսկ հրաժարվել շահավետ պայմանագրերից: Իրականում, սակայն, այստեղ պետության շահը որևէ կապ չունի: Բուռնաշն ու Վաղարշը պաշտպանում են ոչ թե նրա, այլ իրենց դասակարգի կամ ավելի ճիշտ կաստայի շահերը` շատ լավ հասկանալով, որ բողոքի ալիքի ծավալվելու դեպքում հարկայինը գուցե իսկապես ստիպված լինի հարվածի սլաքները, թեկուզ հանրային հուզումները սառեցնելու դրդապատճառով, ուղղել իրենց դեմ: Այլ կերպ ասած` նրանք գործում են նախագահի` Պրահայում արտահայտած մոտեցման տրամաբանությամբ, քանի որ յուրովի պաշտպանում են հենց մենաշնորհ ունեցողներ, «ընկեր-խնամի» օլիգարխների, «նախագահ ջան»-եր ասողների փոխշաղկապված հետաքրքրությունները: Այս հարցում պետությունը, ինչպես միշտ, նրանց կողքին է: Եթե այդպես չլիներ, պետությունն ինքը պետք է չհանդուրժեր իրեն չվերաբերող հարցերում քիթը խոթելու և ՓՄՁ-ների գործունեությանը անհիմն խոչընդոտելու` Վաղարշ Աբրահամյանի համարձակությունը, իսկ ոստիկանությունը առնվազն խուլիգանության համար նրան պետք է քրեական պատասխանատվության կանչեր` ոչինչ չտեսնողի կեցվածք ընդունելու փոխարեն: Ահա այդ ճանապարհով վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է ապացուցել, որ ՓՄՁ-ների կողքին է:
Գևորգ Աղաբաբյան