կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-15 11:18
Առանց Կատեգորիա

''2''՝ վարչապետից

''2''՝ վարչապետից

Թե քանի միջազգային վարկանիշային աղյուսակներում է Հայաստանի Հանրապետությունն առաջատար հորիզոնականներ գրավում, քանիսում է տարեցտարի բարելավում դիրքերը տնտեսության զարգացման, ժողովրդավարության առաջընթացի և այլ առումներով, ստույգ հայտնի չէ: Հանրությունը միայն պարբերաբար տեղեկացվում է, որ ՀՀԿ-ի իշխանության ապահով տարիներին Հայաստանը հերթական վարկանիշային հաղթանակն է գրանցել, զորօրինակ` այս անգամ էլ հայտնվելով թափանցիկ բյուջետային ծախսեր ունեցող երկրների շարքում: Թե այդ «ավետիսը» հայրենի կառավարությունը ե՛րբ և ումի՛ց է ստացել՝ անհայտ է, սակայն միայն երեկ է պարզվել, որ ամբողջ աշխարհում ընդամենը 5 երկիր կա, որոնց պետական բյուջեների ծախսումները հարյուրտոկոսանոց թափանցիկություն ունեն: Եվ դրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը: «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Համաժողովի անվանումն իսկ ցույց է տալիս, որ մենք այլևս այնքան առաջատար ենք, որ աշխարհն է գալիս մեզ մոտ թափանցիկության փորձ ու ձեռքբերում ուսումնասիրելու: Անշուշտ, Տ. Սարգսյանի հոգն էլ չէ, որ այդ «բաց» ծախսումները (անցյալ տարվա բիոզուգարանների օրինակը ցույց տվեց՝ «բացոռ» ծախսումները) հաճախ ինքնանպատակ են, մանավանդ` պարզ չէ, թե գովերգվող «բացությունից» ինչ է շահում հանրությունը: Ա՛յն հանրությունը, որի վրա, ի դեմս լրատվամիջոցների, հետևելով իր կուսակցության առաջնորդին, վերջին օրերին սկսել է ավելի հաճախ «մուննաթ» գալ վարչապետը: «Ամեն օր ԶԼՄ-ներից ստանում ենք տեղեկատվություն, որ բյուջեն մսխվում է, սակայն ապացուցողական մասը բացակայում է»,- համաժողովի ելույթում նեղսրտել է կառավարության ղեկավարը՝ մոռանալով, որ «ապացուցողական մասը» ոչ թե ԶԼՄ-ների, այլ համապատասխան մարմինների և հենց իր գործն ու լիազորությունն է:

 

Ինքն իրեն գովաբանելով հրապարակայնության ու թափանցիկ գործելակերպի համար՝ կառավարության ղեկավարը միաժամանակ քննադատական խոսք է հնչեցրել բուն հանրության հասցեին: Գոնե ոչ թե իր կուսակից ԱԺ նախագահի նման՝ զանազան «թալանչիների» ու «լափողների», այլ հենց հանրության հասցեին: Վարչապետը խիստ դժգոհ է, որ «ցածր է հանրության կողմից պետական միջոցների նկատմամբ վերահսկողության աստիճանը», իր գնահատմամբ՝ նույնիսկ անբավարար: Ահա այսպես` իմաստուն վարչապետի կողմից «2» ստացած հանրությունը հերթական անգամ համոզվում է, որ պետական բյուջեի «թալանչի-լափողներին» չհայտնաբերելու համար կառավարության ղեկավարը, «մտահոգ» ու «ջղայնացած» մյուս կուսակիցների նման, փարիսեցիաբար մեղադրում է ոչ թե ինքն իրեն կամ համապատասխան մարմիններին, այլ անհասցե «հանրությանը»: Վերջինիս, ինչպես ցույց է տալիս նախընթաց շաբաթների փորձը, առաջիկա 4 տարիներին ինչ ասես արդեն կարելի է ասել:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ