Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ստվերի դեմ պայքարի վերաբերյալ հարցին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Բոլոր երկրներում էլ ստվեր կա, բայց մեզ մոտ շատ է, թե` ոչ, չգիտեմ` որքան է, բայց կա: Մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտը դուրս բերելու ստվերից, և հիմա օգտագործելու ենք մեր այդ լծակները»:
Հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ հայտարարում, որ սկսելու է իր մերձավորներից, վարչապետը պատասխանեց. «Պարզ չի՞` ինչի համար եմ ասում»:
Նա նշեց, որ Սինգապուրի վարչապետին, երբ հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից: «Ես նկատի ունեմ, որ մեր բոլոր մերձավորներն ու ընկերները պետք է հասկանան, որ առաջինը իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի մեջ, հարկային դաշտ գան բոլորը: Մեր բոլորի նպատակը դա է, և կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ասել: Որևէ տողատակեր փնտրել չարժե: Ես մարդկանց հորդորում եմ, որ, իմ մերձավորներից սկսած, բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերել»:
Վարչապետը նշեց, որ մոնիտորինգ չի արել, թե ովքեր են ստվերում գործում, քանի որ դա կանեն պատկան մարմինները: «Մենք մի շատ լավ գործ ենք նախաձեռնել և ունենալու ենք հաջողություն: Եթե դուք էլ կլսեք, որ կան նման դեպքեր, մենք կարձագանքենք յուրաքանչյուրին, ստուգել, եթե իրականությանը կհամապատասխանի, մենք կարգի կհրավիրենք»,- ասաց վարչապետը:
Մեկ այլ հարցի, թե հավատո՞ւմ է, երբ պաշտոնյան ասում է, որ ինքը բիզնես չունի, նա արձագանքեց. «Եթե նա ասում է՝ ունի, ուրեմն պաշտոնից կհրաժարվի, որովհետև օրենքով իրավունք չունի զբաղվելու բիզնեսով: Յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելն անհամատեղելի են»: Ինքը` վարչապետը, կստուգի այդ բոլոր պաշտոնյաներին, այդ թվում` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: