Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի դիմումը, ինչը հանրության շրջանում, կարծես, բավարարվածության ու գոհունակության զգացումներ է առաջացրել: Ինքնին հրաժարականն ընդունելու փաստը, իհարկե, դրական երևույթ է, առաջին հերթին` այն պատճառով, որ տեղի ունեցավ հանրության աննախադեպ ուժեղ ճնշման արդյունքում: Այս իմաստով տեղի ունեցածը հանրության հանգրվանային հաղթանակ կարելի է համարել: Մյուս կողմից` դրանով իշխող կուսակցությունը վերջապես ըմբռնեց, որ վերջնական բարոյալքումից խուսափելու համար առնվազն Լիսկայի հրաժարականն օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այնպես որ` տեղի ուենցածը որոշ չափով նաև ՀՀԿ-ի հաղթանակն է ինքն իր ու իր ներսում առկա փտած հակաարժեքների նկատմամբ:
Սակայն իրականում մարզպետի պաշտոնից Լիսկայի հեռացումը առայժմ ոչ թե լավատեսություն է ներշնչում, այլ հիմնավոր կասկածներ է հարուցում, որ այս իրավիճակը պետական կառավարման առողջացման տեսանկյունից ավելի լուրջ մարտահրավերներ է ստեղծում, քան եղել է երբևէ: Լիսկան հրաժարական տվեց ոչ թե իշխանութան ցանկության, այլ հասարակության ճնշման ազդեցությամբ: Նրան կատարված հանցագործության առանցքից հեռացնելու և ալիբի ապահովելու` իշխանության անթաքույց ջանքներն իրականում խոսում են այն մասին, որ այդ քայլին կառավարությունը գնում է ստիպված, ափսոսանքով: Այսինքն` խնդիրը ոչ թե Լիսկայից ազատվելն էր, առհասարակ, այլ ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ հանգուցալուծելը, հանրային կրքերը հանդարտեցնելը: Իսկ սա նշանակում է, որ համակարգը Լիսկային վերաբերվում է ոչ թե իբրև «զոհի», այլ յուրայինի, որին անհրաժեշտ է պաշտպանել:
Լիսկան հրաժեշտ տվեց մարզպետի աթոռին, բայց դա բացարձակապես չի նվազեցնում նրա ահարկու ազդեցությունը Սյունիքում: Մարզպետի պաշտոնը նրա համար պարզապես իր ունեցած հեղինակությունը ֆորմալացնելու, նրա ծառայությունները պատշաճ գնահատելու արտահայտություն էր, և ընդամենը: Չլինելով մարզպետ` Լիսկան շարունակում է մնալ Սյունիքի բդեշխը, ահուսարսափը: Պարզապես հիմա նա ոչ թե պետական պաշտոնյայի, այլ ընդամենը, այսպես կոչված, մարզային հեղինակության կարգավիճակ ունի, որը գուցե իշխանությանը և անձամբ Լիսային շատ ավելի հարմար է, որովհետև այսպիսով նա վերածվում է «գորշ կարդինալի» ու ազատվում իր ու իր շրջապատի սանձարձակությունների, կրիմինալի համար այն հանրային ու վարչական պատասխանատվությունից, որը կրում էր` իբրև մարզպետ:
Փորձը ցույց է տալիս, որ լիսկաներին համակարգը երբեք հենց այնպես բաց չի թողնում: Միայն այն փաստը, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն անգամ մտքի ծայրով անցկացնում է, որ Լիսկան կարող է դառնալ պատգամավոր, ցույց է տալիս, թե իշխանությունը որքան է շահագրգռված Լիսկայի ծառայություններով նաև ապագայում: Ու ոչ թե չի բացառվում, այլ ամենահավանական տարբերակն է դառնում, որ նա իսկապես դառնա պատգամավոր կամ դրան առնվազն չզիջող որևէ պաշտոնյա: Ի վերջո, բոլորն են արդեն սովորել, թե ինչպես կարելի է մարդ ծեծել, բայց շարունակել մնալ ԴԱՀԿ պետ, կամ քաղաքապետից դառնալ նախարար: Հետևաբար` արժե՞, արդյոք, հրճվել միայն այն բանի համար, որ Լիսկան այլևս մարզպետ չէ. վաղը կարող է դառնալ նախարար, պատգամավոր և այլն:
Դրա բացառման միակ երաշխիքը կլիներ այն, որ Լիսկայից ազատվելը համակարգային վերափոխման դրսևորում լիներ, այսինքն` սրանով իշխանությունն սկսեր լիսկայաթափման համակարգային գործընթաց: Իսկ դա հնարավոր չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց «փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է»:
Մյուս կողմից` Լիսկային փրկելու համակողմանի օպերացիան իրականացվում է պետական ռեսուրսների անխնա շահագործման միջոցով: Ինչպես որ սուտը ստով հերքելն է մեծացնում ստի ծավալները` ստիպելով անընդհատ դիմել նոր ու ավելի զարհուրելի ստերի, կամ հանցագործության կոծկումը` նոր ու ավելի այլանդակ հանցագործությունների, նույն կերպ հիմա այդ օպերացիան ստիպում է կատարել նորանոր ապօրինություններ, որոնք արդեն դուրս են առանձին պաշտոնյաների մակարդակից և համակարգային բնույթ են ստացել: Մարզպետարանի աշխատակազմը հանկարծ վերածվում է իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած մարզպետի անձնական խոսափողի, որը տարածում է կատարված հանցագործության մասին` բացարձակապես իր լիազորությունների մեջ չմտնող հաղորդագրություններ ու մեկնաբանություններ: Հետո, որպեսզի մարզպետարանի այս քայլը լեգիտիմացվի, կառավարությունը որոշում է նրա տարածած այդ հաղորդագրությունը զետեղել իր պաշտոնական կայքէջում` փաստացի մասնակիցը դառնալով նախաքննական արգելված տեղեկատվության հրապարակման ապօրինությանը:
Իր հերթին, Լիսկային արդարացնելու ակնհայտ մղումով, նախաքննության գաղտնիության պաշտպանության հիմնական երաշխավորը` դատախազը, տվյալ դեպքում` զինդատախազը, հայտարարում է, թե Լիսկան հանցագործության վայրում չի եղել այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, ինչն այլ կերպ, քան դատախազի կողմից նախաքննության ընթացքի վրա ուղղակի ազդելու փորձ, չի կարելի որակել: Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե տեսանյութը հրապարակման ենթակա չէ, բայց այն, չգիտես` ինչպես, հայտնվում է լրատվամիջոցների տրամադրության տակ ու տարածվում, որը տեղի է ունենում նախաքննական մարմնի կատարյալ անտարբերության պայմաններում:
Եվ հիմա հարց է առաջանում` արդյոք արժե՞ ուրախանալ մի կրիմինալ մարզպետի հեռացման համար, երբ տեղի են ունենում նման մասշտաբի կազմակերպված ապօրինություններ, երբ համակարգը ընդամենը մեկ հոգու փրկելու համար կարող է ուղղակի քարուքանդ անել ողջ արդարադատության ու պետական համակարգի անկողմնակալության հիմքերը: Արդյոք այս ամենով ավելի չի՞ ընդգծվում հովանավորչությունը, մարդկանց յուրայինների ու օտարների տարբերակելու պահվածքը, որոնք ավելի խոր և երկարաժամկետ հետևանքներ են թողնում, քան մեկ մարզպետի հեռացումը:
Ի վերջո, թե' Գյումրիի և թե' Գորիսի հաշվեհարդարները ցույց տվեցին, որ պետական ինստիտուտների, արդարադատության հանդեպ խոր անվստահությունն ու արհամարհանքն արդեն հանգեցնում են «Լինչի դատաստանի», այսպես կոչված` «սամասուդ»-ի երևույթի լեգալացմանը` որպես ինքնապաշտպանության միջոցի, և դա դառնում է օրինաչափություն: Այնպես որ` հիմա ոչ թե այսրոպեական հաղթանակով թաքուն ու բացահայտ հրճվելու, այլ մտածելու, վերաարժևորելու ժամանակն է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ