կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 13:01
Հասարակություն

Մեղավորները պետք է պատժվեն. Վահե Հակոբյանը՝ Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասին

Մեղավորները պետք է պատժվեն. Վահե Հակոբյանը՝ Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասին

Մայիսի 25-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդիների մասնակցությամբ կատարված ծեծկռտուքի առնչությամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մեկնաբանություններ չունի: Yerkir.am-ին նա այսօր ասաց, որ ոստիկանությունն արդեն տեղեկացրել է` դեպքը գրանցված է ոստիկանությունում, քննություն է իրականացվում:

 

«Իրավապահները տեղյակ են: Իրենց դաշտն է, պրոցեսն ընթացքի մեջ է, ավելորդ մեկնաբանություն տալու խնդիր չկա: Օրենքի սահմաններում, եթե քրեական արարք է տեղի ունեցել, անօրինական գործողություններ և այլն, ապա, բնականաբար, մեղավորները պետք է պատժվեն: Դա իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է: Ես մանրամասներին տեղյակ չեմ ու չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այդ առումով»,- մեզ հետ զրույցում նշեց մարզպետը:

 

Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք' հնարավո՞ր է, որ այդ միջադեպը որեւէ կապ ունենա Գորիսում կայանալիք ընտրությունների հետ: Մարզպետը պատասխանեց, թե չի կարծում, որ այդ դեպքը կապ ունի Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ:

 

«Կարող է' ինչ-որ փողոցային միջադեպ է եղել, կարող է'  պատահականություն է եղել, կարող է' իրոք, կապ ունի ընտրությունների հետ: Ես չեմ կարող ասել: Համենայն դեպս,  թեկնածուներից որեւէ մեկի հետ չի առնչվում այդ դեպքը, որովհետեւ որեւիցե թեկնածու դեպքի կապակցությամբ որեւէ հայտարարություն չի արել, դրա համար չեմ կարծում, թե դա ընտրական պրոցեսի հետ կապ ունեցող դեպք է»,- ասաց Վահե Հակոբյանը:

 

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ նման արարքները դատապարտելի են, որ ոչ ոք, առավել եւս' ինքը, չի ցանկանա, որ նման միջադեպեր լինեն, նաեւ հավելեց,  որ հնարավոր է` տղայական հարթության մեջ լինեն ինչ-որ կռիվներ, վիճաբանություններ, բայց որ դա վերածվի մարմնական վնասվածքների, հանցագործությունների, բնականաբար, դա անթույլատրելի է: «Ու մեղավորները պետք է պատժվեն, օրենքի առջեւ բոլորն էլ հավասար են»,- վերջում ասաց Սյունիքի մարզպետը: