|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լույս է տեսել Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուն` «Նոր տողից» խորագրով /«Անտարես» հրատարակչություն/:
Ժողովածուն ներառում է Հովհաննես Գրիգորյանի (1945-2013) լավագույն բանաստեղծությունները: Գրքի կառուցվածքը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական բոլոր շրջափուլերի մասին՝ սկսած նրա անունը հանրահայտ դարձրած «Աշուն» բանաստեղծությունից մինչև «Երուսաղեմ»՝ վերջին բանաստեղծությունը:
Գիրքը կարող եք ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:
***
Երուսաղեմ
Ամեն ինչ նույնն է մնացել,
և չի փոխվելու ոչինչ
ևս մի քանի հազար տարի-
ասաց մեր ուղեկցորդը մի քանի լեզուներով,
որոնցից շատերը վաղուց մեռել էին
հասկանալի պատճառներով:
Ճանապարհն անվերջ վերև էր տանում,
և ի վերջո հասանք այն ոլորանին,
որից այն կողմ անցյալն էր սկսվում,
և կանգ առանք,
որովհետև ամեն ինչ նույնն էր մնացել.
նույն Պոնտացի Պիղատոսը,
նույն խաչն ու խաչելությունը
և նույն ողբերգությունը,
որը կրկնվելու է նույնությամբ
ևս մի քանի հազար տարի...
Իսրայել, Երուսաղեմ, 2012 հունվար
***
Եվ բոլորը քեզ կասեն` մի գնա
Բանաստեղծն ուզում է լինել անհամեմատ բարի:
Բանաստեղծը սիրում է աշունը,
նա թափառում է փողոցներով
և հետո մտնում է հին սրճարանը,
սուրճ է վերցնում և սկսում ծխել:
Իսկ դրսում արդեն սկսում են վառվել լապտերները,
Իսկ կինոդահլիճներում հանգում է լույսը,
և ինչ-որ ժամանակահատվածում
մարդիկ անգործ նստում են և հուզվում են տեղի-անտեղի...
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ հոգնած
և նա հենվում է սրճարանի ապակուն:
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ բարի,
ևս մի բաժակ սուրճ է վերցնում
և վառում է ծխախոտ՝ բավականին հմուտ ձևով:
Փողոցով անցուդարձ են անում
վերարկու հագած հրեշտակները, նրանց քթերը
կարմրել են ցրտից,
և նրանք փռշտում են, և խաչակնքում արագ-արագ:
Հիմա արդեն ուշ է բավականին,
և բանաստեղծը բարձրացնում է գլուխը
և հոգնած ելնում է ոտի
և անհամեմատ բարի հրաժեշտ է տալիս բոլորին:
Դռան մոտ նա կախում է գլուխը,
կարոտով ու սիրով նայում է բոլորին և այդպես
կանգնում է այնքան, մինչև արցունքները չորանում են:
Ու գլուխը բարձր պահած դուրս է ելնում փողոց,
և հրեշտակները արագ-արագ շարք են կանգնում
և շարքով քայլում են նրա ետևից
աշնան համաչափ հեծկլտոցի տակ:
***
Աղոթք
Չորս քայլ վեր... սահման է:
Չորս քայլ վար... սահման:
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական...
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ,
ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ -
Չորս քայլ վեր' ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար' ավար ու թալան...