կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 16:30
Հասարակություն

Կառավարությունը թուրք գյուղացիներին զենք էր բաժանում, իսկ հայերին ստիպում հանձնել դրանք

Կառավարությունը թուրք գյուղացիներին զենք էր բաժանում, իսկ հայերին ստիպում հանձնել դրանք

Աղբյուրը` Armeniangenocide100


Պետրոս Պրաճյանի վկայությունը

Երզնկա

Հայոց ցեղասպանությունը վերապրած Պետրոս Պրաճյանը պատմել է Երզնկայիգավառի Կուրուչայի գավառակի Մեծ և Փոքր ԱրմտաններԹեղուտ և Ապուշտագյուղերի տեղահանության և կոտորածների մասին: Նա նշել է, որ 1915 թվականի ապրիլի սկիզբներին կառավարությունն իր մոտ է կանչել թուրք գյուղացիներին ու երկրապահ զինվորի անվան տակ բոլորին զենք բաժանել: Կառավարությունը հայտարարում էր, որ մնացած բոլորը պետք է հանձնեն զենքերը, այլապես կարժանանան սարսափելի պատժի, անգամ՝ կախաղան կհանվեն սեփական տան դիմաց:

 

1915 թ. ապրիլի սկիզբները թուրք գիւղացիները կառավարութեան կողմէ կանչուելով, պաշտօն կը ստանային՝ երկրապահ զինուորի անունի տակ զէնք կրելու արտօնութեամբ արձանագրուելով, որպէսզի ի պահանջեալ հարկին այդ դերը վերցնեն: Կառավարութիւնն ինք պաշտօնապէս կը յայտարարէր, թէ իններորդ զօրաբաժնի հրամանատարութեան կողմէ հրամայուած է մինչև ութը օր բոլոր այն զէնքերը, որոնք կրնան պետական նկատուիլ, պիտի յանձնուին կառավարութեան և անսաստողներն ութը օր յետո պիտի ենթարկուին ամէնախիստ պատիժներու, նոյնիսկ պիտի կախուին իրենց դուռերուն առջև: Տուեալ հրամանէն տասն և երկու օր յետոյ արդէն Հաֆզ Ալի անունով ենթասպայ մը` տասներկու հեծեալ զինուորներով, հասաւ Գուրաչայ` կառավարական կեդրոնանիստ քաղաքը, ուրկէ երկու ժամ յետոյ Արմուտան գիւղը գալով` մունետիկով յայտարարել կու տար, թէ. «Մինչև երեք օր պէտք է պատրաստուիլ ընդհանուր գաղթի համար, և ով որ այս բարձրագոյն հրամանին հակառակել ու յանդգնութիւնը ունենայ, իր զաւակներով մէկտեղ սուրէ պիտի անցուի: Բայց երբէք անապահովութիւն չպիտի պատահի ճանապարհի միջոցին, ոչ ոքի կողմէ, միայն պէտք է երեք օրուայ համար հաց առնել, իսկ անկէ յետոյ արդէն գաղթավայրը հասած պիտի լինին»:

 

Ու այսպիսով, մօտաւորապէս երեք հազարէ աւելի ժողովրդեան կարաւան մը ճամբայ ինկած կը գնար դէպի ո՞ւր, ոչ ոք գիտէր: Երբ կարաւանին առաջքը Կապուտ Կէպանին զառիվերը կը բարձրանար, լեռներու կատարներու վրայ, ձորերու մէջ, բլուրներու վրայ խռնուած կատաղի թուրք կիներու, այրերու, մանուկներու ոռնոցն ու հայհոյութիւնը ծայր տալ սկսած էր: Ոմանք մանուկներու կռնակէն հացի պաշարը կը քաշէին, ոմանք կիներու շալկած վերմակները կառնէին և ոմանք ալ եզներու վրայ բեռցած պաշարները կը վերցնէին: Երեք ժամ յետոյ արդէն չէթա րէիսին թաշկինակը առջևը փռած, կառավարութեան կողմէ կանխաւ ի գիր առնուած ցանկի մը վրայ սկսած է հաւաքել դրամը և հետզհետէ տուողներու տարբեր ցանկ մը բռնել, իբր թէ դրամ տուողներն ազատ պիտի ըլլան հրամայուած պատուհասէն: Այնպէս կը հաւաքէ ութը հազար օսմ. ոսկի դրամ: Երբ հաւաքումը կը վերջանայ, արդէն մութը հասած լինելով` հոդ կը գիշերեն: Չէթաներու պաշարումին մէջ գիշերը կը պատահին գեղեցիկ կիներու բռնաբարումներ: Ճանապարհին չէթաները կը սկսին առձեռն դրամ պահանջել: Հինգ դահեկան ունեցողը տուած է, մինչև որ կարաւանը հասած է Մոշուտ ըսուած գետը: Եւ երբ ժողովուրդը գետին եզերքը հասած է և իրենց մահուան ժամը լրացած լինելը զգալով` չարագործներու ձեռքը խաղալիք չլինելու համար սկսեցին խառներամ և կարծես մին միւսին կանխելու համար ջուրը թափուիլ, մայրեր իրենց երախաները կուրծքերնուն սեղմած:

Ջուրը նետուողին առջևը երբ անկարելի կը լինի առնել, չէթա րէիսին գետին կողմը շղթայ քաշել տալով կը պոռայ, թէ ձեր վրայի բոլոր դրամները տուէք ու այնուհետև մենք արդէն ձեզ ջուրը կը թափենք, դուք դժուարութիւն մի կրէք: Իր հրամանին վրայ բոլոր տղամարդիկը կարաւանին մէջէն զատելով, յայտարարած է,թէ թագաւորը ձեզի ներեց, ձեզ կը զատենք, որպէսզի երթաք ճանապարհը աշխատիք, իսկ կիներն ու երախաները գնալու են դէպի Եփրատի կամուրջը, ուրկից պիտի երթան իրենց համար որոշեալ գաղթավայրը (Սուշէհրին):

 

Զատուած տղամարդիկը չէթաներու առաջնորդութեամբ և հսկողութեամբ հակառակ ճանապարհով մը դէպի Եփրատի եզերքը և նշանաւոր եղող բերդին մէջ լեցուցած են: Հոդ սկսած է աշխարհի ամէնէն անլուր և անօրինակ վայրագութիւնը, մօտաւորապէս չորս հարիւր տղամարդոցմէ` մտաւորականներուն ու երիտասարդներուն զգեստնին հանել ու մերկացնելէ յետոյ պառկցնելով` ձեռքերնին ետևնին կապած, ոչխարի պէս մորթած են, իսկ մնացեալները երկու կողմէն ու ետևէն արձակուած գնդակներու տեղատարափին տակ սպաննուած և Եփրատը թափուած են: Սրանցից չորս-հինգ անձ, որոնք նշանաւոր լողորդ էին, ջուրը նետուած են և երբ այս կողմէն նետուած գնդակներ վրիպած են, նախօրօք ջուրին միւս կողմը պատրաստ կեցած թուրք չէթաներու կողմէ բռնուած և մորթուած են: Այսպէս Արմուտաններու, Թուղուտի և Ապուշտայի տղամարդոց ջարդը վերջ գտած է, իսկ մնացեալ կիներու և երախաներու կարաւանը ասանկ ուղիղ ճանապարհով` մինչև Եփրատի վրայ եղող կամուրջը, ուր շատերը սպաննուած են գնդակով և սուինով, մնացեալներէն ոմանք արդէն կամուրջին վրայէն իրենց զաւակերը առած Եփրատը նետուած են, իսկ մնացեալները յանձնուած են հօն սպասող ուրիշ չէթէական խմբակի մը` տանելու համար միւս Սուշէհրին:

 

14 հունվար 1917 թ., Երզնկա

 

ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 107, թթ. 10-20, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 194-201: