կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 18:10
Իրավական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վիրահատության կարիք չէր լինի, եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ քրեակատարողական հիմնարկում․ Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հետվիրահատական շրջանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց  Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։

Այսօրվա նիստին նա չմասնակցեց․ հաջորդին կմասնակցի՞, թե՞ ոչ, առայժմ պարզ չէ․ «Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ բժշկական միջամտության է ենթարկվել, դրա կարիքը չէր լինի, հաստատապես եմ պնդում, եթե նա չլիներ քրեակատարողական հիմնարկում։ Սա ակնհայտ փաստ է, այսինքն, վերջին շրջանի առողջական խնդիրներն արձանագրվել են պետության կողմից իր պարտավորությունների թերի կատարման հետևանքով։ Անձը գտնվելով անազատության մեջ, չպետք է ունենա առողջական խնդիրներ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում իրավիճակն այլ է»,-ասաց նա։

Դատավոր Աննա Դանիբեկյանն դատական նիստը հետաձգեց Քոչարյանի բացակայության պատճառով։ Վերջինս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է։

Անդրադառնալով նախորդ նիստին հրապարակած որոշմանը, Վարդևանյանը նշեց, որ այն նման է ցինիզմի։

«Ցավ եմ ապրում, որ մեր երկրում արդարադատությունը չակերտներում է։ Այն իրավունքի հետ կապ չունեցող դատական ակտ է»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժեց Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։

Բանն այն է, որ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

«92 էջ դատական ակտ, որն իրավունքի հետ առնչություն ունի այն մասով, որտեղ մեր ներկայացրած միջնորդությունները «copy-paste» են արված, մնացածն իրավունքի հետ կապ չունի»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դատական գործը 600 հատորից է բաղկացած, բայց պաշտպանական կողմին տրամադրել են միայն 76-ը։ Ըստ նրա՝ պատճառը կարող է լինել այն, որ մեղադրող կողմը չի ցանկանում, որ պաշտպանական կողմը բացահայտի գործում առկա բոլոր «բացերն ու խութերը, որոնք նաև կապված են մահվան տասը դեպքերի հետ»։

Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարական գործընթացը, Վարդևանյանը հիշեցրեց, որ դատաքննությունը սկսվել է 2019թ. մայիսից։

«Երեք ամիս դատական նիստ չէր լինում դատավոր Դավիթ Գրիգորյանից դատական նիստը խլելու օպերացիայի շրջանակներում, երեք ամիս դատական նիստ չէինք ունենում տիկին Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով, երբ դեկտեմբերի 10-ից դատավորը մեկնում է արձակուրդ, իսկ մենք մինչև դեկտեմբերի 30-ն աշխատում ենք»,- ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ ուզել Բարձրագույն դատական խորհրդից կամ դատարանի նախագահից։

Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ այս պահին հիվանդասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մշտապես գտնվում է նաև ՔԿՀ ծառայող և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ աշխատակցից կորոնավիրուսի նմուշառում չի արվել։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Մանրամասն՝ տեսանյութում․