Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ավետիսյանների սպանության գործը արտագնա նիստով քննելու գործը շարունակում է մտահոգիչ մնալ:
Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, օրինական չէ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմը հնարավորություն չի տալիս դատարանին արտագնա նիստ անցկացնել ՀՀ-ի իրավազորության տարածքից դուրս որևէ այլ տարածքում:
«Հետագայում հնարավոր է այս կանխավարկածով որևէ այլ դատարան պատճառաբանի, որ արտագնա նիստ պետք է անցկացվի, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատանը և դա պատճառաբանի արդարադատության շահերից ելնելու սկզբունքով»,- ասաց նա ՝ հավելելով, որ հասկանալի է ընդունված որոշման ենթատեքստը, սակայն խնդիրն ինքնիշխանություն զիջելու հարցն է:
Փաստաբանը նշեց, որ համաշխարհային պրակտիկայում չկա դեպք, երբ մի պետությունն իր պետության գերբն ու դրոշն ամրացնի այլ պետությանը պականող տարածքի դահլիճի պատին և իր պետության անունից արդարադատություն իրականացնի:
Նա մտահոգություն հայտնեց նաև, թե մեղադրական դատավճռի դեպքում որտեղ է Պերմյակովն իր պատիժը կրելու: «ՀՀ-ի անունից հրապարակված ցանկացած վճռում ասվում է, որ ամբաստանյալը պետք է պատիժը կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում, սակայն քրեակատարողական օրենսգրքով սահմանված է, որ ամբաստանյալների պատժի կրման հարցը կարգավորում է քրեակատարողական ծառայության համապատասխան հանձնաժողովը: Եթե այդ մարմինը չի որոշելու պատժի կրման վայրը, քանի՞ կոպեկի արժեք է ունենալու ՀՀ-ի անունից հրապարակվելիք դատավճիռը»,- ասաց Նորիկյանը և նշեց, որ իրավասու մարմինները պետք է պատասխանեն այն հարցին, թե դատապարտվելու դեպքում որտեղ է Պերմյակովը պատիժ կրելու:
Փաստաբանի խոսքով՝ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ դատարանի տարածքում պետք է իրականացվի օբյեկտիվ դատաքննություն, և Պերմյակովը պետք է պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում: «Միայն այդ դեպքում կվերականգնվի մեր խոցված արժանապատվությունը»,- ասաց նա: