Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ-ում հնչած այն մեղադրանքը, որ գազի գնի բարձրացումը ապաշնորհ կառավարության գործունեության արդյունքն է:
Արմեն Մովսիսիյանն այս գնահատականի հետ, բնականաբար, համաձայն չէ: «Դա նշանակում է` ՌԴ-ից բացի, մնացած բոլոր հանրապետությունների կառավարությունները ապաշնո՞րհ են: Չեմ կարծում, որ այդ գնահատականի հետ կարելի է համաձայնել, որովհետեւ ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանին»,- հայտարարեց նախարարը եւ նշեց, որ եթե մեր կառավարությունն ապաշնորհ լիներ, մեզ վաճառվող գազն ամենաէժանը չէր լինի: Նա նաեւ ընդգծեց, որ Վրաստանի հետ համեմատելու դեպքում` տարբերություն կա, Վրաստանն ունի տրանզիտ գազատար, որի դիմաց էլ բավականին մեծ քանակով էժան գազ է ստանում: «Այդ առավելությունները մենք չունենք, մեր աշխարհագրական դիրքն է այդպիսին, բայց անգամ այդ դեպքում մենք ավելի էժան գազ ենք գնում, քան Վրաստանը»,- նշեց նախարարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ մամուլը պարբերաբար գրում էր, թե գազի գինը բարձրանալու է, եւ որ դրա մասին հայտարարվելու է միայն ընտրությունների ավարտից հետո, նախարար հակադարձեց. «Ընդհանրապես ընտրությունների հետ սա որեւէ կապ չունի: Որ գազի գինը բարձրանալու էր, բոլորս էլ գիտեինք: Սա էլ վերջնական գին չէ, տարիներ հետո նորից նման խնդիր է առաջանալու, երբեք էներգակիրների գները չեն իջնում, միշտ բարձրացման տենդենց ունեն»:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու էր այդ դեպքում նախագահ Սերժ Սարգսյանը «հերյուրանք» որակում գազի թանկացման մասին լուրերը, նախարարը պատասխանեց. «Հերյուրանք է, դեռ չի բարձրացել»: Հարցին` հնարավոր է չբարձրանա՞, նախարարը պատասխանեց` կտեսնենք: Բայց չէ՞ որ հենց նոր ասում էր, որ էներգակիրների գները չեն իջնում, միշտ բարձրանում են: Ի պատասխան, նախարարը հայտարարեց. «Ես ասում եմ, որ միտումը բարձրանալուն է ուղղված: Բնականաբար, չենք բանակցում էժանացնելու համար, եթե մեզ առաջարկեն էժանացնել, մենք առանց բանակցելու երկու ձեռքերս կբարձրացնենք, կասենք` այո»:
Իսկ թե տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրելու դրանից, ըստ նախարարի, հաշվարկել են, բայց հիմա չի կարող ասել: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, որ, ըստ մաքսային տվյալների, գազը թանկացել է դեռ 2011թ. երրորդ եռամսյակից, նախարարը արձագանքեց. «Գազի գնի համար առ այսօր վճարում ենք 180 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց»: