կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 19:05
Քաղաքական

Ե՞րբ հայտնի դարձավ, որ գազը թանկանալու է

Ե՞րբ հայտնի դարձավ, որ գազը թանկանալու է

ԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե գազի թանկացումն ինչո՞ւ է գաղտնի պահվել հասարակությունից, ե՞րբ է կառավարությանը հայտնի դարձել, որ այն թանկանալու է: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իշխանությունների կողմից փորձ է արվել գազի սակագնի բարձրացումը թաքցնել` կապված ընտրական փուլի ավարտի հետ: Նա նաեւ հետաքրքրվեց` արդյո՞ք մենք այլընտրանքային գազամատակարարման հնարավորություն ունենք, կարո՞ղ ենք Իրանից գազ գնել: Խնդրեց նաեւ բացատրել, թե ի՞նչ իրավունքով է կառավարությունը 30 տոկոսով գազը սուբսիդավորելու հայտարարություն անում, եթե հարցը չի համաձայնեցվել ԱԺ-ի հետ:

 

Արմեն Մովսիսյանը նախ նշեց, որ ամբողջ աշխարհում էներգակիրների թանկացման տենդենց կա, բավականին երկար ժամանակ բանակցություն են վարել ռուսական կողմի հետ: «Մեզ պետք էր ժամանակ շահել` լավագույն արդյունքի հասնելու համար, եւ այդ արդյունքն այսօր ակնհայտ է»,- հայտարարեց նախարարը:

 

Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի հետ գազի սակագինը կապ չունի, եւ դա զուտ տնտեսական գործարք է: Տեխնիկապես, ըստ Մովսիսյանի, Իրանից գազ ստանալ հնարավոր է, բայց այն ավելի թանկ է, քան ակնկալում ենք ունենալ ռուսական կողմից: Խոսելով սուբսիդավորման մասին` նախարարը նշեց, որ կառավարության գլխավոր խնդիրն է հնարավորինս մեղմել հայ սպառողների խնդիրը, դրա համար էլ որոշել են սուբսիդավորել հնարավոր թանկացման 30 տոկոսը:

 

«Չգիտես ինչու, բոլոր վատ նորությունները ստանում ենք ընտրությունների ավարտից հետո: Գուցե գործա՞րք է ռուսական կողմի հետ. ՌԴ-ն, փաստորեն, համաձայնել է հոժարակամ շատ երկար ժամանակ չբարձրացնել գազի գինը: Ի՞նչ է, դա շռայլություն է, ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչինչ հենց այնպես չի զիջում»,- հայտարարեց Զուրաբյանը:

 

Նախարարն էլ նշեց, որ ռուսական կողմը, գազի սակագնի հետ կապված, այլ երկրների հետ էլ էր բանակցում, եւ սակագնի բարձրացման ձգձգումը դրա հետ էր կապված: