Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գազի շեշտակի թանկացման լուրը բազմաթիվ քաղաքացիների այսօր դուրս է բերել փողոց: Գազի թանկացման դեմ բողոքողները հավաքվել էին կառավարության շենքի առջեւ, որպեսզի ներկայացնեն իրենց բոլոր դժգոհությունները:
Նրանց մոտեցավ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, ով հարցրեց, թե ինչ են պահանջում բողոքի ցույց անողները: Կազմակերպիչները նրան տեղեկացրեցին, որ իրենք բողոքում են գազի թանկացումից, որ իրենց բողոքն ուղղված է հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի դեմ, սակայն ուզում են, որ իրենց բողոքը կառավարությունում ընդունվի ի գիտություն:
«Մենք դեմ ենք սակագնի բարձրացմանը: Մենք, իհարկե, կհանձնենք մեր նամակը, բայց խնդրում ենք, որ դուք էլ պատասխանեք: Տեքստում մենք հստակ ասում ենք, որ դեմ ենք գազի սակագնի բարձրացմանը եւ կոչ ենք անում ձեռնպահ մնալ գազի սակագնի բարձրացումից»,- կառավարության ներկայացուցչին ասաց բողոքող քաղաքացի Մերի Խաչատրյանը:
Ալեքսանդր Ղազարյանն էլ նշեց, որ բողոքողների ցանկությունները իրենց` կառավարության ցանկությունների հետ համընկնում են:
«Կառավարությունը միշտ էլ դեմ է ցանկացած թանկացումի, բայց այստեղ արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Իհարկե, կառավարությունն իր լծակներով մաքսիմում կփորձի թանկացումը նվազագույնի հասցնել, բայց բոլոր դեպքերում, այսօրվա դրությամբ ունենք այն, որ ընկերությունը ներկայացրել է իր հաշվարկները` 64 տոկոս, դա վերջնական չէ, եւ հանձնաժողովը դա կնայի ու վերջնական կասի, թե որքանով է դա հիմնավոր»,- հայտնեց Ալեքսանդր Ղազարյանը` հավելելով, որ բոլոր դեպքերում կտռավարության դիրքորոշումն այն է, որ գազի գնի բարձրացումը լինի նվազագույն:
Բողոքավորներն ասացին, որ նույնիսկ նվազագույն թանկացմանն էլ են դեմ, քանի որ կառավարությունը դեռ չի լուծել կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու հարցը եւ այլն, ու որ այսպիսի թանկացումները սոցիալական ընդվզում են առաջացնելու:
Բողոքող քաղաքացիները պարզել էին տարբեր ցուցապաստառներ` «Գազը թանկացնեք` հարկեր չենք վճարելու», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում» եւ այլ գրառումներով: