կարևոր
2224 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-23 18:19
Հասարակություն

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից ՝ շուրջ 163.440.597 ՀՀ դրամ հարկեր չվճարելու դեպք. ՊԵԿ

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից ՝ շուրջ 163.440.597 ՀՀ դրամ հարկեր չվճարելու դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության  հերթական դեպքը:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության տնօրենն ու բաժնետերը, նախնական համաձայնությամբ խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, բնակարանների օտարման ժամանակ առուվաճառքների պայմանագրերում պակաս են նշում վաճառվող բնակարանների արժեքներն, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով`  ԱՄՆ դոլարով, ստանում են կանխիկ եղանակով` այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով:

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով՝ իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար: 

Կառուցվող շենքից 173.9 քմ մակերեսով, 556.480 ԱՄՆ դոլար իրական արժեքով բնակարանը 175.000.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիրը ընկերության տնօրենի կողմից  ենթադրյալ գնորդի հետ ստորագրելուց շուրջ 1 ժամ անց, իրացման շրջանառությունից պակաս ցույց տրման ենթակա 103.000 ԱՄՆ դոլարը ենթադրյալ գնորդի կողմից ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ին կանխիկ եղանակով վճարելուց հետո, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել   և ՀՕՀ վարչություն է տեղափոխվել ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ն, որտեղ կատարվել է նաև անձնական խուզարկություն։

Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 163.440.597 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալները մտցնելու նախապատրաստության առերևույթ հանցանքի դեպք, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր ներկայացվել են  նաև կազմված փաստաթղթերն ու  ձերբակալված Ժ.Գ.-ն։