կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-08 10:28
Քաղաքական

Ում պետք է ազատեին, մնաց

Ում պետք է ազատեին, մնաց

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք.

 

«Այս համատարած հիվանդագին աժիոտաժը կառավարության կազմի շուրջ, որն անձամբ ինձ հասկանալի չէ, երեկ ստացավ իր հանգուցալուծումը: Թե ինչու է ՀՀ քաղաքացին այդքան մեծ հույսեր կապում անձերի, մանավանդ նախարարների անձի հետ, պարզ չէ, բայց անգամ այդ գործընթացի նկատմամբ լիարժեք անտարբերություն ցուցաբերող մարդիկ երեկ կարկամած էին: Եթե հակիրճ ձևակերպենք այդ տարակուսանքը, ապա պետք է նկատենք, որ կառավարության մաֆիոզ և փոփոխության ենթակա մասը մնաց, իսկ քիչ թե շատ մնալու ենթակա նախարարները հեռացան:

 

Սա խոսում է մի բանի մասին, որ հասարակական կարծիքն այս երկրում ոչինչ չարժե: Երբ որոշ ոլորտներից տևականորեն դժգոհություններ են հնչում, և տվյալ նախարարները, որոնք վատից բացի որևէ լավ բանով աչքի չեն ընկել, չեն փոխվում, կնշանակի՝ նախարար նշանակելու հարցում բոլորովին այլ՝ մեզ անհասկանալի սկզբունքներ են գործում: Չեն կարող մշակույթի կամ էներգետիկայի նախարարները տարիներով մնալ իրենց աթոռներին կպած և չլճանալ, չսերտաճել, չկորցնել իրենց աշխատունակությունը: Դա ոչ թե կոնկրետ մարդկանց նկատի ունենալով եմ ասում, այլ ընդհանրապես մարդկային բնույթը:

 

Դա անգամ լրատվական դաշտում է նկատելի՝ այն խմբագրությունները, որտեղ տարիներ շարունակ նոր անուններ, նոր լրագրողներ չեն հայտնվում, կորցնում են թարմությունը, դադարում են հետաքրքիր լինելուց, նոր գաղափարներ, նոր մտքեր չեն ծնվում, ներսում վերանում է մրցակցությունը: Այո, արժեր, որ խմբագիրներն էլ փոխարինողներ ունենային և կարողանային փոքր-ինչ հանգստանալ ու վերագտնել ոչ ստանդարտ մոտեցումներ դրսևորելու կարողությունը: Այնպես, ինչպես նոր նախագահ ու նոր վարչապետ ունենալն է պարտադիր, որ հայտնվեն նոր մարդիկ՝ թարմ մտքերով ու կրեատիվ մտածողությամբ»: