Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում գրեթե աննկատ մնաց երկրի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանում նոր պաշտոն ստանձնելու վերաբերյալ հաղորդագրությունը: Ռուսաց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կարգադրությամբ դեկտեմբերին հաստատվեց ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի նախագահության նոր կազմը, որի 15 անդամներից մեկը հենց մեր հայրենակիցն է: Ի՞նչ էր գրված նրա ազգանվան դիմաց՝ Հայաստանի նախկին վարչապետ, «Գազպրոմբանկ» ԲԸ վարչության նախագահի խորհրդական, «Զարուբեժնեֆտ» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փորձագիտական հեղինակավոր հաստատությունը: Այն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է կառավարության տնտեսական ու սոցիալական էական որոշումների գնահատման եւ իշխանության դաշնային մարմինների գործունեության հասարակական վերահսկողության ապահովման համար:
Իսկ նրա նախագահությունը որոշում է այդ հանրության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեւավորում է նրա դիրքորոշումը կառավարության լիազորություններին վերաբերող ռազմավարական խնդիրների հարցում:
150 հոգուց բաղկացած խորհուրդը յուրօրինակ ինտելեկտուալ կենտրոն է, որի մեջ ներգրավված են պետության կենսագործունեության կարեւորագույն ասպարեզների բարձրակարգ ու հեղինակավոր մասնագետներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, գիտնականներ, բիզնեսմեններ, մշակույթի, արվեստի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խոշորագույն ընկերությունների ղեկավարներ եւ այլք: Հենց միայն նախագահության անդամների մեջ երեքը երկրի նախկին վարչապետներ են (Կարապետյանը չորրորդ «նախկինն» է):
Ուղղակի ափսոսում ես, նույնիսկ մարդկայնորեն, որ Կարեն Կարապետյանի նման փորձառու քաղաքական այրը լքում է Հայաստանը: Որ նրան ընդգրկում են Ռուսաստանի փորձագիտական միտքը կառավարական մակարդակով ներկայացնող մարմնի ղեկավար կազմի մեջ, նշանակում է, որ այդ երկրում բարձր են գնահատում Կարապետյանի պետական-քաղաքական-տնտեսագիտական կարողությունները: Ինչպես ասում են` հենց այնպես ոչինչ չի լինում, այն էլ՝ օտար երկրում: Կարապետյանը հսկայական դեր կարող էր խաղալ հենց ռուս-հայկական տնտեսական համագործակցության ասպարեզում: Եկեք անկեղծ լինենք, ինչ էլ որ լինի, Ռուսաստանից հեռու չենք փախչի, սխալ կողմնորոշվելու դեպքում առնվազն կընկնենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրը: Սա՝ ի միջի այլոց:
«Թերթելով» փորձագիտական խմբի անդամների ցուցակը, նրա մեջ հանդիպում ես տասից ավելի հայկական ազգանունների՝ նույնպես ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչների: Արդյո՞ք Հայաստանում փորձեր են արվում այս մասնագետներին երկրի նորացման գործընթացների մեջ ներգրավելու համար: Չէ որ այս անձանց իրավասությունը, փորձառությունը, խորհրդատվական կարողությունը կարող են միայն շահեկան լինել մեր երկրին, իրենց պատմական հայրենիքին: Միգուցե Կարապետյանը դառնա կապող օղակ:
Ի դեպ, փորձագիտական խորհրդի նոր կազմի մասին խոսակցությունները խիստ աշխուժացան, երբ վարչապետ Մեդվեդեւը դրա կոորդինատոր նշանակեց հրեական արմատներ ունեցող Ալեքսանդր Ստալեւիչ Վոլոշինին: Թերեւս բոլորի համար անակնկալ ու հանելուկային էր, որ վերահառնում է Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավարը, «ընտանիքի» անդամը, գորշ կարդինալը: Եվ եթե նկատի ունենանք, որ փորձագիտական խորհրդի ղեկավարի իրավունքները գրեթե փոխվարչապետական են, ապա կարելի է կանխատեսել, որ երկաթե «Ստալեւիչը» կարող է նորեն էական դեր խաղալ Ռուսաստանի կառավարական համակարգում, քաղաքական կյանքում: Չար լեզուներն ասում են, որ գերազդեցիկ քաղաքական գործչի իր երբեմնի համբավը նա ի վիճակի է կիրառելու գալիք նախագահական ընտրություններում՝ հօգուտ Դմիտրի Մեդվեդեւի:
Բայց սա արդեն ուրիշ թեմա է եւ կապ չունի Կարեն Կարապետյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։