Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն որոշել է խորհրդարանում իրավիճակ փոխել: Նախորդ օրը նա սպառնացել էր հրապարակել բոլոր այն պատգամավորների անունները, ովքեր անհարգելի պատճառով չեն մասնակցում ԱԺ նիստերին: «Մարդիկ պետք է իմանան` ում են ընտրում, որպեսզի այդպիսիներին խորհրդարան չուղարկեն»,- ասել էր նա և հավելել, որ նման վարքագիծ դրսևորող պատգամավորները կզրկվեն նաև բացակա օրերի համար աշխատավարձից, և չի բացառվում, որ անգամ նրանց պատգամավորական մանդատից զրկելու հարց բարձրացվի:
Այսօր ԱԺ աշխատակազմն իրագործել է Աբրահամյանի սպառնալիքը և հրապարակել անցած քառօրյայի նիստերից բացակայած պատգամավորների անունները: Դժվար է ասել` որն է Հովիկ Աբրահամյանի նման խստության իրական պատճառը: Չի բացառվում, որ դա զուտ վիրավորված մարդու բնական ռեակցիա է: ԱԺ նախագահի մոտ պատգամավորներին կարգի հրավիրելու միտքը հղացել էր այն ժամանակ, երբ երեկ նրա ելույթի ընթացքում որոշ պատգամավորներ սկսել էին լքել դահլիճը, ինչը հենց տեղում ԱԺ խոսնակը որակել էր որպես էթիկայի տարրական նորմերի խախտում: Եթե պատճառը դա է, ապա գործ ունենք պարզապես անձամբ իր և ԱԺ նախագահի հեղինակությունը բարձրացնելու դեմոնստրացիոն քայլերի հետ, որոնք որոշակի իներցիոն զարգացում ապրելուց հետո աստիճանաբար կմարեն:
Սակայն առաջին անգամը չէ, որ Հովիկ Աբրահամյանն անդրադառնում է այս խնդրին: Դեռ անցած տարեվերջին տեղեկություն տարածվեց, որ նա ԱԺ հանձնաժողովների նախագահներից պահանջել է տրամադրել հանձնաժողովների նիստերից բացակայող պատգամավորների տվյալները: ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի լիագումար նիստերից, հանձնաժողովների նիստերից և վերջիններիս կողմից հրավիրվող լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորները աշխատավարձ չպետք է ստանան: Իսկ այդ բացակայությունների հարգելի կամ անհարգելի ճանաչելու իրավասությունը տրված է բացառապես ԱԺ նախագահին, որը համապատասխան եզրակացության է հանգում ` հիմնվելով բացակայությունների համար բերված հիմնավորումների վրա: Եվ պատգամավորները մտավախություն ունեին, թե, օգտագործելով իր այդ իրավունքը, ԱԺ նախագահը կարող է իրենց զրկել բացակա օրերի դիմաց աշխատավարձերից: Հետո պատմությունը մոռացության տրվեց, և կարելի է ենթադրել, որ Աբրահամյանն, այնուամենայնիվ, նախընտրել էր տոներից առաջ կոլեգաներին չնեղացնել:
Ընդհանրապես, անհարգելի բացակայությունները խորհրդարանի ամենացավոտ, միաժամանակ նաև ամենաանլուրջ խնդիրներից է: Միայն այն հանգամանքը, որ ԱԺ նախագահը ինքնուրույն է որոշում` պատգամավորի բացակայությունը ճանաչել անհարգելի, թե` ոչ, ինքնին արդեն չափազանց անլուրջ է, որովհետև փաստացի թողնված է Աժ նախագահի տրամադրվածությանը, սուբյեկտիվ գնահատականին: Ո'չ Հովիկ Աբրահամյանը և ո'չ էլ նրա նախորդներից որևէ մեկն այդ հիմքով որևէ պատգամավորի մանդատից զրկելու նախաձեռնություն չեն ցուցաբերել: Մինչդեռ հատկապես վերջին երկու գումարումների խորհրդարաններում միշտ էլ եղել են պատգամավորներ, որոնք նստաշրջանից նստաշրջան բացակայել են ԱԺ-ի նիստերի բացարձակ մեծամասնությունից: Այլ կերպ ասած` այս դրույթը մինչև հիմա գործել է ձևականորեն: Սակայն ներկայումս քննարկման փուլում է ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որով նախատեսվում էր բացակայություններն անհարգելի կամ հարգելի ճանաչելու հարցը ԱԺ նախագահից փոխանցել ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Թեեւ հիմնավորումն այն է, թե կոլեգիալ սկզբունքով որոշում կայացնելն ավելի նախընտրելի է միանձնյա որոշումից, սակայն, ԱԺ էթիկայի հանձնաժողովի ներկայիս կիսակաթվածահար վիճակից ելնելով, կարելի է հստակ ասել, որ այս փոփոխությունը ևս մեծ հաշվով ոչինչ չի փոխելու, և այն շարունակելու է մնալ քաղաքական կոնյունկտուրայից կախված գործիքի կարգավիճակում:
Սակայն Հովիկ Աբրահամյանի` անբարեխիղճ պատգամավորներին պատժելու ներկայիս «վճռականությունը» առավել հետաքրքրական է բոլորովին այլ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայում է նրա խնամին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելին, ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության, ամենաշատը բացակայող 10 պատգամավորների ուղիղ կեսը ԲՀԿ-ականներն են: Եվ կամա, թե ակամա ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի սլաքներն ուղղված են Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ: Հատկանշական է հատկապես այն փաստը, որ այս ամենը տեղի է ունենում վերջին շրջանում ՀՀԿ-ի խմբակցության պատգամավորների անսովոր բարձր հաճախելիության ֆոնին: Անգամ այն ՀՀԿ-ական պատգամավորներն են բարեխղճորեն գալիս (հասկանալ` բերման ենթարկվում) խորհրդարան, որոնք բացակայություններով Ծառուկյանին չեն զիջում կամ զիջում են շատ քիչ: Եվ հենց այս հանգամանքն է հիմք տալիս կարծելու, որ բացակայությունների թեմատիկան միտումնավոր սրվում է հենց ՀՀԿ-ի բարեխղճության ֆոնին ԲՀԿ-ի և Ծառուկյանի անբարեխղճությունը ընդգծելու համար:
Սա տարօրինակ չէր լինի, եթե մոտ մեկ շաբաթ առաջ` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած չլիներ հայտնի միջադեպը պարեկություն անող ոստիկանների և Գագիկ Ծառուկյանի միջև: Հիշեցնենք, որ ոստիկանները, փակելով Ծառուկյանի ճանապարհը դեպի տարածքում կայանված ավտոմեքենան, ստիպել էին նրան հեռանալ այլ` քաղաքացիների համար նախատեսված ճանապարհով: Գնահատելով ոստիկանների արարքը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում ընդգծված խստությամբ և հեգնանքով հայտարարել էր. «Շատ ճիշտ են արել, չեն թողել: Եթե ոստիկանն ասում է՝ ճանապարհը այնպես է, ուրեմն` այնպես է, բացառություններ չեն կարող լինել: ...Եթե որևէ մեկը կարծում է, որ 10 մետր քայլելը վնաս է իր առողջությանը, չարաչար սխալվում է: Ես ավելի շատ խորհուրդ կտայի ման գալ»:
Թե' ոստիկանապետի և թե' ԱԺ նախագահի նման վերաբերմունքից կարելի է տպավորություն ստանալ, թե իշխանությունները հատկապես Գագիկ Ծառուկյանի դեմ ինչ-որ նոր, հետաքրքրական պրոցես են սանձազերծել, որի առաջին փուլը նրան բարոյապես ոչնչացնելն է, հեղինակազրկելը, թերևս սեփական թիմին ու հանրությանը ներշնչելը, որ Ծառուկյանն այս երկրում ոչինչ չի որոշում, ոչ մի հեղինակություն չունի և իրենից, որպես գործիչ, առանձնապես ոչինչ չի ներկայացնում: Թե ինչ է թաքնված այս հնարավոր միտումների ներքո, առայժմ դժվար է ասել: Սակայն տարօրինակն այն է, որ նման պրոցեսում, կարծես, առանցքային դերակատարում է վերապահվել հենց Ծառուկյանի խնամուն` Հովիկ Աբրահամյանին:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ