կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 11:42
Առանց Կատեգորիա

Երբ մեր հայրենիքն այլևս ապահով է

Երբ մեր հայրենիքն այլևս ապահով է

Ինչ անում ենք՝ գեղցիություն է դուրս գալիս: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը քիչ էր, որ հակաֆիլմ հռչակվեց, հիմա էլ Ցեղասպանության թեմային են անցել շոուբիզի ռահվիրաները: Ժամանցային դերասաններ (ներողություն, որ ճիշտ անուն-ազգանուններով նրանց չգիտենք) Հայկոն ու Մկոն, Հալալն ու Զուլալը, Վիպոյանն ու Կոռուպցյանը (հայտնի է նաև որպես Սերոժ), սրանց հետ «Արմենիա TV»-ի մի քանի ծիտ ու ծիտիկ և մի քանի երգիչ-երգչուհի հավաքվել, կլիպ են նկարել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ու ինչ է ստացվե՞լ… Գեղցիություն, լավագույն դեպքում՝«Արմենիա TV»«թանկ» գովազդ, որ առանց ամոթի զգացումի զռզռզցրեցին ապրիլի 24-ի ողջ օրը:

 

Ցույց տվեք գոնե մեկ լուրջ մարդու դրական գնահատական, և ես ներողություն կխնդրեմ իմ այս խոսքերի համար: Կլիպում թեթև ոճի շնորհալի երգիչ-երգչուհիներ կան: Եթե նրանք մեներգով ներկայացնեին այս երգը, զուգորդված Ցեղասպանության արհավիրքը ներկայացնող պատկերներով, էլի ոչինչ, բայց այսպե՞ս, ռեփի մե՞ջ, ծուլ-ծուլ լինելո՞վ: Իմ շատ սիրելի Շուշան Պետրոսյանին ուղղակի քաշը չի ներել, որ թռվռա: Մեկն այս ռիթմի մեջ, խելագարված, գլուխն է բռնում, մյուսի ուսերին մուլտիպլիկացիայի կանոններով հրեշտակի արհեստական թևեր են բուսնում: Թեման մնացել է հետին պլանում՝ Ցեղասպանության մասին պատմող այն պատկերների մեջ, որոնց ֆոնին մի խումբ մարդիկ արտասանում են «միլիոնուկես» բառը, իսկ ոմանք էլ պարային ռիթմով ինչ-որ բան են երգում: Կարճ՝ մեկ կլիպի շրջանակներում ցեղասպանել են Ցեղասպանությունը:

 

Ապրիլի 24-ին բուն շոուբիզից հետ չմնաց նաև քաղաքական շոուբիզը: Այս անգամ հայ ոստիկանների սկզբունքայնությունը Ծիծեռնակաբերդի բարձունքին էր բռնել: Թատրոն: Իրենց ծանոթ-բարեկամներին, անգամ լավ հարևաններին կառավարության անդամների համար նախատեսված «հեռացման» արահետ թողնող ոստիկանները կտրել էին Գագիկ Ծառուկյանի ճանապարհը: Սկզբունքային են: Բայց այդ ի՞նչ բան է: Մի՞թե Ծառուկյանը ԱԽ անդամ չէ, ՀԱՕԿ նախագահը չէ: Լավ, մի՞թե Ծառուկյանը Վլադիմիր Գասպարյանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի չափ խաթր էլ չունի: Ու հասկանում ես, որ շոու են արել: Սա միջադեպ չէ, չսխալվեք:

 

ՀՀԿ-ԲՀԿ խաղի հաշիվը հավասարեցրեց Գագիկ Շամշյանը՝ Հրանուշ Հակոբյանի «բոմբ» լուսանկարով: Կառավարության համար նախատեսված ճեմուղով, հավանաբար, միայն տիկին Հրանուշը չի քայլել այդ բարձր տրամադրությամբ: Ո՞վ է հիմա ինքն իր հետ ծիծաղում ու ժպտում: Այսքանից հետո էլ ի՞նչ զարմանաս, երբ մի ոչ անհայտ հայ ֆեյսբուքիստ իր էջում դատապարտում է ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշն այրելու` արդեն ավանդական դարձած քաղաքական ակցիան:

 

Ցեղասպանության թեման կամաց-կամաց դառնում է շոուբիզի նյութ, իսկ Ծիծեռնակաբերդ այցելելը, իմ ընկեր Հովիկ Աֆյանը կասեր՝ բարձրանալը, շատերի համար դարձել է մի արարողություն, որին ներկայանում են «Թե' մարդկանց կտեսնենք, թե' մեզ ցույց կտանք» քաղքենի կարգախոսով:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: