կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-16 16:53
Հասարակություն

Մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու. ուսանողների համահայկական խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը

Մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու. ուսանողների համահայկական խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը
2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» խորագրով համահայկական ուսանողական խորհրդաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված ծանր իրադրությունը,
 
ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ այդ պայմաններում հայության բոլոր խմբերի պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի հանրապետությունների ապագայի և սերունդների առաջ,
 
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հայապահպանության մարտահրավերները սփյուռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը,
 
ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ Հայրենիք-Սփյուռք կապերի դերը հայկական երկու պետությունների զարգացման և հզորացման գործում,
 
ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այսօր հայության բոլոր խմբերը պարտավոր են հստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի,
 
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ուսանողության՝ որպես առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում,
 
ՀԱՅՏՆԵԼՈՎ մեր պատրաստակամությունը՝ առավելագույնս օգտակար լինելու մեր վտանգված հայրենիքին ու ժողովրդին՝
 
ՄԵՆՔ՝
 
2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ,
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Մենք ամենայն խորությամբ ընկալում ենք մեր պատասխանատվությունը ներկա դժվարին պայմաններում և պատրաստակամ ենք միավորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետություններին աջակցելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ:
 
Գիտակցում ենք, որ հայ ուսանողությունն իր ներուժով ընդունակ է էական ազդեցություն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծված հետպատերազմյան տեղեկատվական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին:
 
Համոզված ենք, որ հայ ուսանողությունը ընդունակ է աջակցելու հայապահպանության մարտահրավերների չեզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնության ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում:
 
Մենք հավատարիմ ենք մեր հազարավոր անմահացած եղբայրների հիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թե Սփյուռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետության անկախ գոյությունը պաշտպանելու և սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար:
 
Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով:
 
Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենադարձությունը մեծագույն անհրաժեշտություն է Սփյուռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձությանը և ազգահավաքին նպաստելը:
 
Մենք ամենուր մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայության իրավունքների պաշտպանության համար:
 
Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայ ուսանողության ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորացման և Սփյուռքում հայապահպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ գրավական:
 
***
Հիշեցնենք, որ «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ անցկացվել է 2021 թ. մայիսի 15-ին ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների նախաձեռնությամբ և ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և Հայկական Սփյուռքի ուսանողների մասնակցությամբ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ՝ հստակեցնելով համատեղ իրականացվելիք ծրագրերը և ՁԵՎԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿ։
Խոհրդաժողովին մասնակցել են ուսանողներ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ 25 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: