կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 12:42
Մշակույթ

Այլիսլիի վեպի հայերեն տարբերակի վաճառքը` երկուշաբթի օրվանից

Այլիսլիի վեպի հայերեն տարբերակի վաճառքը` երկուշաբթի օրվանից

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակի հայերեն տարբերակը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի ընթերցողին: Թարգմանությունը Լեոնիդ Զիլֆուղարյանինն է, գիրքը հրատարակվել է «Նորք» հրատարակչությունում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրքի թարգմանիչը նշեց, որ աշխատել է այնպես թարգմանել, որ ընթերցելիս կարդացողի լեզուն չսայթաքի: «Մի շնչով կարդացվելիք գիրք է, եւ ես իմ կողմից աշխատել եմ եղածից ավելի չհայկականացնել այն, քանի որ գրողն արդեն իր երկրում մի շարք ճնշումների է ենթարկվել»,- ասաց Զիլֆուղարյանը:

 

Արձակագիր, գրքի հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ գիրքը թարգմանվել է, քանի որ այն գեղարվեստական առումով բարձր մակարդակ ունի եւ, իրոք, իրենից արժեք է ներկայացնում: Ըստ Հովսեփյանի` եթե գրքի գեղարվեստական արժեքը ցածր լիներ, իրենք չէին նախաձեռնի գիրքը հայերեն հրատարակելու գործը:

 

«Բացի սրանից` Այլիսլին մի շարք ծալքեր է բացում, այն, կարծես, լույս լինի Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական կատաղի քարոզչության մեջ. գիրքը պայթյուն է առաջացրել ադրբեջանական գաղջ մթնոլորտում»,- ասաց Հովսեփյանը:

 

Նա նշեց նաեւ, որ իրենք գիրքը հայերեն թարգմանելու թույլտվություն ստանալու համար էլեկտրոնային նամակով դիմել են Այլիսլիին, սակայն քանի որ արգելափակված են նրա հեռահաղորդակցման միջոցները, նրանից այդպես էլ պատասխան չի ստացվել: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Հովսեփյանը, իրենք պատրաստ են հարկ եղած դեպքում վճարել հեղինակային իրավունքի համար նախատեսված համապատասխան գումարը: