կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 10:05
Քաղաքական

Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը կազմվել է բացառապես պրոքոչարյանականներից

Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը կազմվել է բացառապես պրոքոչարյանականներից

Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ` «Հրապարակի» աղբյուրները՝ Երեւանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թեւի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են: Ընդ որում, գրում է թերթը, սա ձեռնտու է նաև վերջիններիս, նրանք չեն ցանկանում հոսանքին հակառակ «նավել», որովհետև, ի տարբերություն արմատական թևի, կորցնելու շատ բան ունեն:

 

Սակայն միանշանակ չէ նաև ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների վիճակը. Օսկանյանի մասով թերթի աղբյուրները շարունակում են պնդել, որ քրեական գործի քննությունը չեն դադարեցրել և մտադիր են սլաքները դեպի հետաքրքիր տեղեր և անձեր տանել: Խոսվում է նաև ինչ-ինչ տեսագրությունների մասին:

 

Իսկ շտաբի պետ, ցուցակի երրորդ համար Աբրահամ Մանուկյանը մի կողմից բավականին աղմկոտ, սակայն այդպես էլ չհրապարակայնացված սկանդալի արդյունքում թողեց առողջապահության փոխնախարարի պոստը, մյուս կողմից էլ նրա որդուն պատկանող ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, և կա ձերբակալված:

 

ԲՀԿ զրուցակցին թերթը հարցրել է՝ այնուհանդերձ, ինչո՞ւ որոշեցին Աբրահամ Մանուկյանին նշանակել շտաբի պետ, ինչ-որ առումով նրա մանևրի դաշտը սահմանափակ կլինի:

 

«Այդպես չէ, որքան ես եմ տեղեկացված՝ առողջապահության մասով ներքին բովանդակային կոնֆլիկտ է եղել, ու եթե «ճշտով», ապա Աբոն է ճիշտ եղել, և հետո՝ Աբոն երևանցի տղա է, հինգ մատի նման գիտի Երևանն իր բոլոր ծակուծուկերով, լավ կազմակերպիչ-կյանքի տղա է, նեգատիվը քիչ է նրա մեջ, կզող չէ»,- ասել է ԲՀԿ արմատական թեւի զրուցակիցը:

 

Աբոն ու իր տղաները, հավելում է «Հրապարակը», նաև Նորքը «նայողներից» են և այստեղ միշտ կարողացել են ԲՀԿ-ի օգտին շատ ձայներ ապահովել: