կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 19:02
Քաղաքական

Դեսպանեցին

Դեսպանեցին

«Սիվիլիթաս» հիմնադրամում հրավիրված ասուլիսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ուշագրավ էր մի քանի առումներով:

 

Նախ` Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր, երբ մի քանի կարևորագույն երկրների դեսպաններ հավաքվում են մեկ վայրում և հստակ ու կոշտ՝ գրեթե առանց դիվանագիտական սեթևեթանքների, քննադատում են իշխանությունների գործողությունները «Սիվիլիթաս» հիմնադրամի, դրա հիմնադրի և ծրագրերի, հատկապես՝ մեդիա ծրագրերի դեմ:

 

Երկրորդ` դեսպանները, որոնց նախաձեռնությամբ կայացավ ասուլիսը, հստակ ուղերձ են հղում Հայաստանի իշխանություններին «Սիվիլիթասի» դեմ գործի հնարավոր հետևանքների մասին: Ճիշտ է, Արևմուտքը ճանաչեց Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն իրականում դեռ չի համարում, որ Հայաստանը հանձնել է ժողովրդավարության թեստը: Դեռ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ փետրվարի 18-ից հետո հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսումը Հայաստանում: Եվրոպական Միությունն էլ Հայաստանի համար դոնորների համաժողովը հետաձգեց նույն մոտիվացիայով: Ավելին` Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ասուլիսին «Սիվիլիթասի» գործի մասին խոսեց Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում:

 

Կարելի է ասել, որ «Սիվիլիթասի» նկատմամբ սկսված հետապնդումը վերջին տասն ամսվա ընթացքում լուրջ մուտացիա է ապրել: Եթե սկզբում իշխանությունները հայտարարում էին, թե իբր պաշտպանում են կազմակերպության շահերը դրա հիմնադիր Վարդան Օսկանյանից, ապա այժմ առանց ավելորդ խաղերի ցույց են տալիս, որ նպատակը հիմնադրամը փակելն է և դրա լրատվական ծրագրերը լռեցնելը:

 

Հատկապես այս վերջին հանգամանքը կրիտիկական է: «Սիվիլիթաս»-ում ասուլիսին չկային հեռուստատեսությունների ներկայացուցիչներ (բացառությամբ` ԳԱԼԱ-ի և «Կենտրոն» ՀԸ-ի): Չկային նաև իշխանության կողմից վերահսկվող և մեծ լսարան ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները:

 

Այսինքն՝ եթե տասն ամիս առաջ իշխանությունների հիմնական նպատակն էր լռեցնել կամ պատժել իրենց հուժկու քննադատ Վարդան Օսկանյանին, ապա այժմ այդ նպատակին համազոր նպատակ է լռեցնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցին և կազմակերպությանը: Այժմ արդեն «Սիվիլիթաս»-ին Օսկանյանից պաշտպանելու» հարց օրակարգում չկա:

 

Կարեն Հարությունյան

 

Հ․Գ․

Հետաքրքիր է, թե իշխանություններն ինչպես կարձագանքեն դեսպանների քայլին՝  դարձյալ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի մակարդակո՞վ: