կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 13:36
Քաղաքական

Երեւանը չի վաճառվում. Աղվան Վարդանյան

Երեւանը չի վաճառվում. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց, որ այսօր օդում կախված երկու խնդիր կա՝ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ առաջիկա` Երեւանի ավագանու ընտրություննները:

 

Խոսելով առաջին խնդրի մասին` նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի մոտեցումները այս հարցում հստակ են, վիճակը հանգուցալուծում է պահանջում, որը կարող է լինել միայն քաղաքական համաձայնության դաշտում, առճակատումն ու վիրավորանքը որեւէ տեղ չեն տանում: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է այնքան խոհեմ լինեն, որ համատեղ լուծում գտնեն, իսկ երբ մի կողմն ասում է, որ հրապարակում 3 հազար մարդ է, մյուսն էլ ասում է, որ ապրիլի 9-ին 1 միլիոն մարդ են բերելու, սա արդեն այլ խոսակցություն է եւ իրավիճակի հանգուցալուծման չի տանում:

 

Աղվան Վարդանյանն անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի երեկվա նամակին` ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նշեց, որ սա իշխանության մեջ գտնվող մարդու մտահոգ, սրտացավ, ազնիվ մոտեցում եւ վերաբերմունք էր: ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ ուզում է մտածել, որ սա ուղղված էր ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ նաեւ իշխանությանը, իշխող կուսակցության ղեկավարին:

 

Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին` Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի համար այս ընտրությունները հնարավորություն են` ապացուցելու, որ ՀՅԴ-ի կշիռն ու ազդեցությունն այն չէ, ինչ դրվել է ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է` շատ ավելի մեծ ներկայություն ապահովելու համար:

 

«Մենք ընտրություններին գնում ենք թիմով եւ ամենժամյա աշխատանքային գրաֆիկով: Մենք գնում ենք, փորձելով մեր հասարակությանը, երեւանցիներին համոզել, որ ՀՅԴ-ին կարող են հավատալ եւ վստահել, կարող են մեկ անգամ իրական ձայն տալ եւ կտեսնեն, որ ՀՅԴ-ն ի վիճակի եւ պատրաստ է քաղաքում եւ երկրում արմատական փոփոխությունների»,- հայտարարեց պատգամավորը եւ նշեց, որ այս ընտրությունները չեն կարող լինել ոչ քաղաքական, ինչպես փորձ է անում ներկայացնել իշխող կուսակցությունը:

 

Ըստ նրա` հնարավոր է` ՀՅԴ-ն շատ սխալներ եւ թերություններ ունի, բայցեւ, մյուս կողմից, ՀՅԴ հիմնական ներկայացուցիչները երբեք չեն կարող իրենց թույլ տալ իրենց փառաբանել, գովաբանել, ասել, որ միակ ճիշտ են, եւ չեն կարող ուրիշների մասին խոսել հայհոյանքներով, վիրավորանքով, թշնամանքով: «Սա մեր ձեւը չէ, մեր տեսակը չէ, մեր մակարդակը չէ»,- վստահեցրեց Վարդանյանը:

 

Նա նաեւ հայտարարեց, որ նախընտրական պայքարն արդեն սկսվել է, արդեն կան ընտրարախտումներ, վարչական ամբողջ ռեսուրսը գործի է դրվել, ֆինանսական հոսքերը սկսել են աշխատել, թաղային հեղինակությունները սկսել են գործել: «Երեւանը չի վաճառվում»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ ընդգծեց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է հաղթանակի համար: