կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 13:30
Հասարակություն

Քաղաքացիները բողոքում են ID քարտերի կիրառման որոշ խնդիրներից

Քաղաքացիները բողոքում են ID քարտերի կիրառման որոշ խնդիրներից

Այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ID քարտերի հետ կապված` քաղաքացիների բողոքներին: Նա հիշեցրեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից կիրառության մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, եւ ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացի իրականացնելու է վճարումներ անհատական հաշիվներին: Ուստի, նշեց վարչապետը, նրանք իրավունք պետք է ունենան ստանալու տեղեկատվություն, թե իրենց հաշիվներին որքան գումար է կուտակվել, եւ պետությունն ինչպես է ավելացրել իրենց գումարները եւ ինչ ծավալով: Դա ենթադրում է, որ նրանք կարող են այդ ծառայություններից օգտվել իրենց նույնականացման` ID քարտերով:

 

«Այսօր մենք քաղաքացիներից հարցադրումներ ենք ստանում, թե արդյո՞ք այդ քարտն իրենց հնարավորություն է տալիս օգտվելու բազմաբնույթ ծառայություններից եւ իրենցից չպե՞տք է պահանջեն անձնագիր: Եվ ունենք բողոքներ, որ թեեւ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID քարտը կարող է փոխարինել անձնագրին, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID քարտից, պահանջում են նաեւ անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ, համաձայն «Նույնականացման քարտերի մասին» օրենքի, նույնականացման քարտը ՀՀ անձի քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, եւ անձնագիր պահանջելը ոչ իրավաչափ պահանջ է: Հետեւաբար ցանկացած դեպքում քաղաքացիները կարող են վերադասության կարգով վիճարկել կա’մ տվյալ պաշտոնատարի, կա’մ որեւէ իրավաբանական անձի ներկայացուցչի գործողությունները, եթե պահանջում են նաեւ անձնագիր:

 

«Բոլոր դեպքերում այդ պահանջն իրավաչափ չի համարվում, եւ այդ քարտերը անձնագրին փոխարինող փաստաթուղթ են ՀՀ տարածքում»,- նշեց Ա. Օսիկյանը:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ հայտնեց, որ  իրենք այդ դեպքերն ուսումնասիրել են: «Այն դեպքերում, երբ զուտ անձը հաստատող փաստաթղթի կարիք է եղել, որ տեսնեն` այդ մարդը նույն մարդն է, իդենտիֆիկացնեն, այդ բոլոր դեպքերում պահանջողը պարզապես տեղեկացված չի եղել, որ նույնականացման քարտը անձը հաստատող փաստաթուղթ է, եւ այլեւս անձնագիր անհրաժեշտ չէ: Բայց, բացի այդ դեպքերից, կան այլ դեպքեր եւս` բանկային ծառայությունների, նոտարական ծառայությունների դեպքում եւ այլն, երբ այդ կազմակերպությունները ստիպված են եղել անձնագիր պահանջել, քանի որ չեն կարողանում իդենտիֆիկացնել տվյալ անձի բնակության հասցեն այն գործարքների ժամանակ, երբ անհրաժեշտ է մարդու հասցեն, ինչը ID քարտի վրա գրված չէ: Բայց այս պարագայում կա երկրորդ հնարավորությունը` բոլորը ձեռք բերեն քարտռիդերներ, եւ երբ քաղաքացու քարտը տեղադրում են այդ սարքերի մեջ, այնտեղից արդեն ամբողջական ինֆորմացիան, որն անհրաժեշտ է գործարքների համար, հնարավոր է տեսնել»,- ասաց Դ. Սարգսյանը:

 

Արթուր Օսիկյանը հայտնեց, որ ID քարտ ստանալու համար արդեն ոստիկանություն է դիմել են 64 հազար քաղաքացի, որոնցից 62 հազարը ստացել են այդ քարտերը, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրեր ստանալու համար ավելի քիչ են դիմում:

 

«Մեկ նկատառում` հասցեն նշված չէ, որովհետեւ եթե ամեն անգամ հասցեն փոխվելու է, ապա պետք է փոխվեր նաեւ նույնականացման քարտը: Բոլոր տվյալները գտնվում են էլեկտրոնային կրիչներում, եւ այնտեղ ավտոմատ արդեն փոխվում է նաեւ հասցեն: Եվ եթե անգամ չկա հասցեն ու չունեն կարդացող սարք, կարող են տեղեկանք պահանջել, որն անվճար է»,- ասաց փոխոստիկանապետը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հիմա անցումային փուլ է, եւ բոլոր մարմինները պետք է սովորեն աշխատել այդ քարտերով, եւ մինչեւ տարեվերջ պետք է որակապես փոխել իրավիճակը, եւ մեր երկրի ենթակառուցվածքները պետք է պատրաստ լինեն քաղաքացիներին սպասարկել ID քարտերով: Որովհետեւ, եթե հունվարի 1-ից հետո 270 հազար քաղաքացի ID քարտերով սկսեն իրենց աշխատանքները, կարող են խնդիրներ առաջանալ:

 

«Պետք է աշխատենք նույն նոտարների հետ, որ քարտռիդերներ տեղադրեն, որ քաղաքացուն չուղարկեն անձնագրերի հետեւից»,- ասաց վարչապետը:

 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս հարցի կապակցությամբ տեղեկացրեց, որ իրենք դիմել են, եւ ի սկզբանե արդարադատության նախարարությանը 20-25 քարտռիդեր էին տրամադրվել: Բայց հաշվի առնելով ե’ւ իրավաբանական անձանց գրանցման տարածաշրջանային կառույցների, ե’ւ հատկապես նոտարների թիվը, այժմ եւս 250 այդպիսի քարտ ստանալու դիմում է ներկայացվել, որպեսզի այդ բոլոր մարմիններին ու անձանց հնարավոր լինի ապահովել քարտ ընթերցող սարքերով:

 

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը մեկ անգամ եւս նշեց, որ եթե խնդիրը վերաբերում է հաշվառման հասցեին, ապա դա հիմք չէ, որ անձնագիր պահանջեն քաղաքացուց, քանի որ կարող են նաեւ տեղեկանք պահանջել: Այս դիտարկմանը վարչապետն արձագանքեց, որ տեղեկանքը նույնպես անհարմարություն է ստեղծում քաղաքացու համար, քանի որ երբ ուղարկում են տեղեկանք բերելու` նույնն է, ինչ ուղարկեն անձնագիր բերելու:

 

Օսիկյանն այս դիտարկմանը պատասխանեց, որ այդ դեպքում բոլոր կազմակերպությունները պետք է ID քարտ կարդացող սարքերով ապահովված լինեն: Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց ԿԲ-ի տեղեկացումը, որ կենսաթոշակային բարեփոխումների ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն ID քարտով է հնարավոր` անվտանգությունն ապահովելու նկատառումներով: Դա նշանակում է, նշեց վարչապետը, որ կառավարությունը պարտավոր է այդ քաղաքացիների համար միջավայր ստեղծել:

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջին փուլով 20 հազար քարտռիդերներ արդեն բերվել են կենսաթոշակային իրազեկման հիմնադրամի կողմից եւ արդեն բաշխվել են, առաջիկա մի քանի օրերի ընթացքում, կլինի նաեւ երկրորդ փուլը, այսինքն` լրացուցիչ 20 հազար քարտռիդերներ ձեռք կբերվեն, որոնք ինքնարժեքով կբաշխվեն այն կազմակերպություններին, որոնք դրա կարիքն ունեն:

 

Վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին` կազմել բոլոր այն գերատեսչությունների ու մարմինների ցուցակը, որոնք ծառայություններ են մատուցում` ID քարտն օգտագործելով, եւ կառավարությունն այդ բոլոր գերատեսչություններին հանձնարարական կիջեցնի, որպեսզի օրենքի նորմը կիրառելի դարձնեն եւ այլեւս ID քարտ ներկայացնող քաղաքացիներից անձնագիր չպահանջեն: