կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 17:56
Քաղաքական

ՀՅԴ-ի ճանապարհային քարտեզը

ՀՅԴ-ի ճանապարհային քարտեզը

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում: «Ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները մեզ որեւէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության եւ քաղաքական ուժերի միջեւ անջրպետը»,- ընդգծեց նա: 

 

Այն, որ մեր երկրում հիմնարար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, Վարդանյանի կարծիքով, գիտակցում են բոլորը, այդ թվում` խորհրդարանական մեծամասնությունը: «Եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը լիցքաթափել, նվազեցնելու ենք երկիրը զարգացնելու հնարավորությունները, ունենալու ենք անտարբերություն, հիասթափություն, արտագաղթ, որը համազգային, համապետական լուրջ խնդիր է»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը եւ վստահեցրեց, որ այս ամենից ելքը հնարավոր է միայն քաղաքական համաձայնության դեպքում:

 

Ըստ նրա` պարտք եւ պատասխանատվություն ունեն բոլորը` թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը, եւ այդ պարտքից եւ պատասխանատվությունից խուսափել չի լինի: «Մենք մեր երկրի ներսում թշնամիներ չունենք, տարաձայնություններ, տարբերություններ, այո, կան, բայց ոչ երբեք թշնամանք, եւ միայն քաղաքական համաձայնությամբ է հնարավոր փոխել այս իրավիճակը: Կարծում ենք` դրա համար հիմքեր կան, եթե բոլոր կողմերն իսկապես կոնստրուկտիվ են տրամադրված: Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը եւ կարծում ենք, որ կարելի է այդ ճանապարհով առաջ գնալ»,- հայտարարեց Վարդանյանը:

 

Նա նշեց, որ այդ ճանապարհային քարտեզը ենթադրում է մեկ տարվա ընթացքում արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը, գնալ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, բացառել կրկնակի քվեարկությունները, հրապարակել ցուցակները, 2-2,5 տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե, փոխել Սահմանադրությունը, գնալ նոր խորհրդարանական ընտրությունների եւ, ի վերջո, ձեւավորել ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, երբ ընդդիմությունը կունենա իշխանությանը վերահսկելու գործուն լիազորություններ: «Սա է միակ ճանապարհը»,- խոսքը եզրափակեց Աղվան Վարդանյանը: