|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եվրոպացիները Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես պատնեշ ռուսական ազդեցության դեմ, սակայն նման մոտեցումը, ըստ Քենեթ Ռոթի և Ֆիլիպ Կալֆայանի, կարող է ժողովրդավարությունը զոհաբերել հենց դրա պաշտպանության անվան տակ։
Քենեթ Ռոթը նախկինում եղել է Human Rights Watch-ի գործադիր տնօրենը, իսկ Ֆիլիպ Կալֆայանը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարը։ Նրանք վերջերս այցելել են Հայաստան՝ որպես «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական կենտրոնի» գործադիր անդամներ՝ գնահատելու իրավիճակը։
«Պետք էր քանդել քաղաքը՝ այն փրկելու համար»։ Այս հայտնի արտահայտությունը, որը վերագրվում է ամերիկացի սպայի՝ 1968 թվականին Վիետնամի Բեն Տրե քաղաքի ճակատամարտը նկարագրելիս, արտացոլում է այն, թե որքան հանդուրժող էր ԱՄՆ կառավարությունը՝ հակակոմունիստական պայքարի անվան տակ իրականացվող վայրագությունների նկատմամբ։ Նմանատիպ երկակի չափանիշ այսօր դրսևորվում է Հայաստանում, որը վերածվել է ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև պայքարի դաշտի։ Երկրի ապագայի համար վճռորոշ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։ Ռուսական ազդեցության դեմ պայքարի պատրվակով եվրոպական կառավարությունները հանդուրժում են հայկական ժողովրդավարության թուլացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է բարդ ընտրական իրավիճակի առաջ։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նա և իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունեն մոտ 20-30% ընտրողների աջակցություն։ Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք առաջին փուլում չկարողանա ստանալ կայուն խորհրդարանական մեծամասնություն, ապա ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել երկրորդ փուլում և հաղթել նրան։ Այսպիսով ընտրությունների ելքը մնում է անորոշ, հատկապես հաշվի առնելով, որ ընտրողների մոտ 30%-ը դեռևս չի կողմնորոշվել։
Ինչպես մենք արձանագրեցինք Հայաստան կատարած մեր վերջին այցի ընթացքում՝ նախընտրական պայմանները ուսումնասիրելիս, Փաշինյանը անում է հնարավոր ամեն ինչ՝ ընդդիմության հաղթանակը կանխելու համար՝ կիրառելով մեթոդներ, որոնք հիշեցնում են ավտորիտար կառավարման ձեռնարկը։ Տարբեր պատրվակներով ձերբակալվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, կալանավորվում են նրա իշխանությանը քննադատող լրագրողներ։ Թուլացվում է դատական իշխանության անկախությունը։ Նա նաև աննախադեպ կերպով միջամտում է ազդեցիկ Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։
Աղբյուրը՝ lefigaro.fr