«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, ՀՀ-ում անհասկանալի պայմաններում անցանկալի անձ հայտարարված և արդեն տևական շրջան Ղազախստանում գտնվող Անդրանիկ Հովհաննիսյանը, ով այսօր հանդես էր եկել սկանդալային բացահայտումով, կրկին արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին։ Անդրանիկ Հովհաննիսյանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև.
«Կառավարության շենքից դիվանագիտական անձնագրերի «հափշտակման» վարկածն, իհարկե, ծիծաղելի է: Այս անգամ նույնիսկ ֆեյքերը չեն կարող ձեզ օգնել:
Չափազանց ուշագրավ է Արտաքին գործերի նախարարության պնդումը առ այն, որ ոչ միայն վարչապետի դիվանագիտական անձնագիրն է «հափշտակվել», այլ նաև 13 այլ անձնագրեր: Ստեղծված իրավիճակում վերհիշեցի Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» սովետական կատակերգական կինոնկարի հայտնի արտահայտությունը. «Խնդրում եմ, հայտարարեք ամբողջ ցուցակը»:
Փաստացի այսօրվա հրապարակումների արդյունքում հերթական անգամ տուժեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեղինակությունը: Իհարկե, դա ցավալի է, որովհետև դավաճանը, վախկոտ ստախոսը ամեն անգամ «զոհաբերում է» մեր Հայրենիքի պետական կառույցների հեղինակությունը՝ իր ստոր անձը և դավաճանական ռեժիմը արդարացնելու համար»: