կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 15:20
Քաղաքական

Կարեւոր է ոչ թե խոսքը, այլ գործը

Կարեւոր է ոչ թե խոսքը, այլ գործը

Տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր հայտարարություններ են եղել, որոնցով պաշտպանում են ձեւավորված ժողովրդական շարժումը, բայց ավելի կոնկրետ, որ ոչ միայն հայտարարել է, այլեւ իր մարզային կառույցներով եւ հրապարակում արտահայտել է իր դիրքորոշումը, ՀՅԴ-ն է. այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Նա ավելացրեց, որ այլ ուժեր եւս տարբեր հայտարարություններով զորակցություն են հայտնել, բայց այլեւս հայտարարությունների ժամն ավարտված է եւ նրանք, ովքեր, իրոք, ցանկանում են այս շարժման կողքին լինել, կարող են հարթակից ներկայացնել իրենց տրամադրություններն ու կողմնորոշումները:

 

«Սա հասկանալի է` պայքարը նոր փուլ է մտնում, եւ մենք խոսքի համար շատ շնորհակալ ենք, բայց կարեւոր է ոչ թե խոսքը, այլ գործը»,- մասնավորեցրեց Ռուբեն Հակոբյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե շարժումը հստակ ուղեգիծ չունի, նա նշեց, որ իշխանությունների ներկայացուցիչները եւս նշում են, որ անհասկանալի է` ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Կա մի տեսակ, որին ինքը չի քննադատում, քանի որ հասկանում է` կյանքն է ստիպել` երբ նրանց ասեն այսինչ օրը, այսինչ ժամին պետք է հավաքվեք մի երկու-երեք հարյուր հազար մարդ ու գնում ենք նախագահի նստավայր, կհամաձայնեն եւ կասեն, թե հասկացան` արդեն ծրագիր կա»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա նշեց, որ իրենց ծրագիրը դա չէ, այլ այն, որ ասում են` ամեն ինչ անելու են, որ Հայաստանում իշխանությունը ձեւավորվի ժողովրդի քվեով, քանի որ, ինչպես նշեց Ռուբեն Հակոբյանը, դա մեր Սահմանադրության հրամայական նորմն է, եւ իրենք առաջնորդվելու են այդ նորմով: Իսկ թե ինչ մարտավարական քայլեր կլինեն, մանրամասներին բանախոսը չանդրադարձավ:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ եթե իշխանությունները չիրականացնեն Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, որոնց հիման վրա նա հացադուլ է հայտարարել, ի՞նչ հետագա քայլեր կլինեն «Ժառանգության» կողմից, Ռուբեն Հակոբյանը ասաց, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ ինքը հավատում է, որ մինչեւ ապրիլի 9-ը երկրում էլի ինչ-որ բան է փոխվելու:

Իսկ Երեւանի ավագանու ընտրություններում, Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, լավագույն տարբերակն է, որ ամբողջ ընդդիմությունը միասնական լինի այս ընտրություններում: Բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` ինչպես գնալ ընտրությունների: Այս պահին էլ, հայտնեց Ռուբեն Հակոբյանը, դեռ վերջնական որոշված չէ` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասնակա՞ն կգնան Երեւանի ավագանու ընտրություններին, թե առանձին-առանձին: Բայց, ասաց Ռուբեն Հակոբյանը, չի բացառվում, որ առանձին-առանձին գնան, ինչը անցանկալի է: