Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Սամսուն քաղաքից գործարար` 72-ամյա Մուսթաֆա Դայըօղլուն հայտնել է, թե Հայաստանում իրեն առեւանգել են եւ փրկագին պահանջել, սակայն հատուկ ծառայություններին հաջողվել է ազատել իրեն եւ ուղեկցել մինչեւ սահման` հանձնելով որդուն։
Ըստ գործարարի, որն, իրոք, մեր տեղեկություններով շատ հարուստ անձնավորություն է, ինքը Հայաստանում ընկել էր տհաճ պատմության մեջ։ Մուսթաֆան նշել է, թե իրեն առեւանգել եւ պահել են լքված մի գործարանում, որտեղ ծեծի են ենթարկել եւ փրկագին պահանջել։ Գործարարը առայժմ ձեռնպահ է մնացել եւ թուրքական IHA լրատվական գործակալությանը չի հայտնել իրեն առեւանգողների անունները:
Yerkir.am-ին այս կապակցությամբ որոշ մանրամասներ հայտնի դարձան, սակայն, հարգելով անմեղության կանխավարկածը, առայժմ մենք էլ ձեռնպահ կմնանք տուրք տալ ասեկոսեներին: Միայն հարկ ենք համարում նշել, որ թուրք գործարարին առեւանգողների անունները հաճախ են հայտնվում հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որոնք իշխանական օլիգարխիային աջակցող թաղային հեղինակություններ են՝ ԱԺ որոշ պատգամավորների մտերիմներ:
Yerkir.am-ի մեկ այլ տեղեկության համաձայն` նրան ոչ թե ազատել են հատուկ ծառայությունները, այլ Մոսկվայում գործող ազդեցիկ դեմքերի միջոցով, որոնց կողմից հավաքված գումարը տեղ հասցնելուց եւ վճարելուց հետո Մուսթաֆա Դայըօղլուն ազատ է արձակվել: Հենց դա է պատճառը, որ թուրք գործարարը որոշել է սլաքն ուղղել հատուկ ծառայությունների ուղղությամբ, գործին տալ պետական մոտեցում, որպեսզի առաջիկայում կարողանա Թուրքիայում գտնվող հայաստանցի գործարարներից «արդարացիորեն» վրեժխնդիր լինել:
Առաջիկայում Yerkir.am-ը կանդրադառնա այս խնդրին, իսկ առայժմ սպասում ենք, այսպես ասած, հատուկ ծառայությունների պարզաբանմանը: