կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 05:57
Իրավական

Դատվելու հերթը ″Հրապարակ″-ինն է

Դատվելու հերթը ″Հրապարակ″-ինն է

Լրատվամիջոցների նկատմամբ իշխանության եւ օլիգարխների անհանդուժողականությունը եւ դրանք` իրենց ցանկացած ուղղությամբ տանելու ձգտումը, կարծես, սաստկանում է. Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ:

Հայցադիմումի ներկայացման «պատճառը» փետրվարի 15-ին «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հոդվածն է, որում, ըստ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի, լրագրողը պարզապես իր կարծիքն է արտահայտել:

«Եթե գործում է Սահմանադրությունը, որը հաստատում է արտահայտման ազատությունը, ապա մի՞թե լրագրողը պարտավոր է միայն դրական բաներ գրել իրենց մասին»,- զարմացած հարցրեց խմբագիրը:

Նշենք, որ Քոչարյանը թերթից պահանջել է հերքել հոդվածն ամբողջությամբ, արգելանք կիրառել գույքի եւ բանկային հաշիվների վրա եւ փոխանցել 6 մլն դրամ` 3-ը` որպես պատվի, արժանապատվության, բարի համբավի արատավորման փոխհատուցում, 3-ը` դատական ծախսերի համար:

Թե դատական հայցն ի՞նչ ավարտ կունենա, Արմինե Օհանյանը պատասխանեց, որ մի երկրում, որտեղ փողն ու իշխանությունն է կարեւորվում, ի՞նչ պետք է սպասել դատարանից:

«Պետք է ուտոպիստ լինես` դատական համակարգից լավ ակնկալիքներ ունենալու համար»,- ասաց տիկին Օհանյանը:

Ի դեպ, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Բաբաջանյանին նույնատիպ առիթով (Քոչարյանը այս թերթին էլ է դատի տվել) նույնպես պատասխանել էր, որ, բնականաբար, իրենց դեմ հայցը կբավարարվի: