կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 11:03
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանն ըմբռնումով է մոտենում Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը

Նաիրա Զոհրաբյանն ըմբռնումով է մոտենում Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը

«Անկեղծորեն, զուտ մարդկային տեսանկյունից ես, իհարկե, չէի ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեր նման ծայրահեղ քայլի, բայց, մյուս կողմից, ես հասկանում եմ, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն է, եւ ինձ շատ բան չի մնում ասել, քան այն, որ ես ըմբռնումով եմ մոտենում նրա այս որոշմանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցությանմ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա նշեց նաեւ, որ չէր ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ծայրահեղ քայլին դիմեր, քանի որ լրջագույն լուծումներ են պետք իրավիճակը լիցքաթափելու եւ առավել սրացումների չտանելու համար: «Հույս ունեմ, որ իշխանությունները պետք է որ այս քայլով հասկանան, որ իրավիճակը բավականին լարված է: Երկրում լրջագույն փոփոխություններ են անհրաժեշտ եւ պետք է համակարգային փոփոխությունների գնան` երկխոսելով ընդդիմության հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանի այդ ծայրահեղ քայլը կստիպի իշխանություններին գնալ ինչ-ինչ փոփոխությունների, Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել եւ նշեց, որ հարցը պետք է ուղղել հենց իշխանություններին:

 

Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ ընդդիմադիր ուժերի համախմբման դեռ որեւէ առաջընթաց չկա: «Մենք մեր գործընկերների հետ մեր հանդիպումների ժամանակ եղել ենք բացարձակապես անկեղծ, մեր տեսակետներն ու մոտեցումները շարադրել ենք եւ ասել, որ պատրաստ ենք լայն ճակատով գնալ Երեւանի ավագանու ընտրություններին` ԲՀԿ առանցքի շուրջ»,- հայտարարեց Զոհրաբյանը: