կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 13:33
Քաղաքական

Կառավարությանն անվստահություն հայտնելու` 4 ուժերի նախաձեռնությանը ՕԵԿ նախագահն ըմբռնումով է մոտենում

Կառավարությանն անվստահություն հայտնելու` 4 ուժերի նախաձեռնությանը ՕԵԿ նախագահն ըմբռնումով է մոտենում

Կառավարության ու վարչապետին անվստահություն հայտնելու` ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը չի կարող ունենալ հաջողություն` հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը. լրագրողներին այսօր իր անձնական կարծիքը հայտնեց ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:

 

Նա նշեց, որ 4 ուժերն այդ հարցում դեռևս հստակ քաղաքական համաձայնության չեն եկել, համենայն դեպս, ինքը նման հայտարարություն դեռ չի կարդացել: Այնուհետև ավելացրեց, թե ՀՀ վարչապետին նշանակում է ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն համագործակցության համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ վարչապետին նշանակելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն էլ պաշտոնապես հայտարարել է, որ նրանք կառավարության ու վարչապետի փոփոխության խնդիր չեն քննարկում:

 

«Մենք` որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական կազմակերպություն, որը կնքել է համագործակցության հուշագիր, մնալու ենք այդ հուշագրի ոգու շրջանակներում»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

 

Իսկ թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը անձամբ ՕԵԿ նախագահը, Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ինքը բոլոր նախաձեռնություններին, որպես քաղաքական գործիչ, վերաբերվում է ըմբռնումով:

 

«Շատ տրամաբանական է, որ կարող են լինել տարբեր առաջարկություններ` Դաշնակցությունը մի բան կարող է առաջարկել, ԲՀԿ-ն` մեկ այլ բան: Քաղաքական ուժեր են, եւ մենք այդ քաղաքական ուժերի նախաձեռնությունները չպետք է դատապարտենք, այլ քաղաքական ուժերի նախաձեռնություններին ու մոտեցումներին պետք է ամեն մի քաղաքական ուժ ներկայացնի իր մոտեցումներն ու տեսակետները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: