կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 16:57
Քաղաքական

ՀՀԿ-ն տեր չկանգնեց իր խոստմանը. Ռուբեն Հակոբյան

ՀՀԿ-ն տեր չկանգնեց իր խոստմանը. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Yerkir.am-ի հետ զրույցում չհամաձայնելով այն դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվել են, նշել է, որ իրենք բազմիցս են ասել՝ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները: Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր նաեւ, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:

 

Հիշեցնենք, որ թե' ՀՅԴ-ն, թե' «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները հայտարարել են բանակցությունների՝ փակուղի մտնելու մասին:

 

Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությանն ի պատասխան` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «ԱԺ մեծամասնությունը՝ ի դեմս ԱԺ նախագահի, մեկ շաբաթ առաջ նախաձեռնությամբ հանդես եկավ` հետընտրական զարգացումները քննարկելու օրակարգով արտահերթ նիստ կազմակերպելու: Այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» արձագանքեցին եւ հանդես եկան համապատասխան նախագծով, մեկ շաբաթ տեւած բանակցությունների ընթացքում նախաձեռնողները ոչ միայն մերժեցին մեր ներկայացրածը, այլեւ որեւէ նախագիծ չներկայացրին եւ, ըստ էության, իրենք իսկ տապալեցին իրենց ենթադրելիք նիստը: Եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն էլ է դիտվում որպես իշխանությունների կողմից ներկայացված «ողջամիտ» առաջարկություն, ապա հասկանալի է, որ ամեն հարց պետք է քննարկվեր այդ նիստում: Եվ հիմա չեմ հասկանում` եթե իրենք հրաժարվում են իրենց նախաձեռնությունից, ո՞ր հարթակում պետք է քննարկվի այդ առաջարկությունը»:

 

Ռուբեն Հակոբյանն անհասկանալի է համարում, թե այսքանից հետո ո՞ւմ հետ պետք է բանակցել, բայց ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն տեր կանգնի իր խոսքին եւ նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու գաղափարին, նա նշեց. «Չեմ կարծում, որ այդ առաջարկությունը համարժեք է ստեղծված հետընտրական իրավիճակին: Բայց էլի եմ կրկնում` ցանկացած առաջարկության մասին պետք է խոսեինք, եթե իրենք հրավիրեին արտահերթը»: