կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 12:03
Աշխարհ

The Washington Post-ը թվել է Օբամայի չիրականացրած խոստումները՝ չանդրադառնալով Ցեղասպանության ճանաչման մասին խոստմանը

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ի թղթակից Քիմ Սոֆենն անդրադարձել է ԱՄՆ` արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի 8-ամյա նախագահությանը՝ թվելով դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ նրա տված խոստումները: Նա առանձնացրել է Օբամայի խոստումները՝ ըստ «իրականացված», «չիրականացված» և «փոխզիջումներով» բաժինների:

Ըստ The Washington Post-ի թղթակցի՝ Օբաման իրականացրել է քարոզարշավի շրջանակներում արած 11 խոստում, փոխզիջումների գնալով՝ իրականացրել կամ այդ հարցում ընդհանուր եզրակացության հանգել 12 խոստումների շուրջ:

Ըստ լրագրողի՝ Օբաման չի իրականացրել իր խոստումներից 17-ը: Այսպիսով` նա չի իրականացրել իր խոստումների մեծ մասը:

Ուշագրավ է, որ լրագրողն այդ բաժանումներն անելիս ներկայացրել և մանրամասնել է Օբամայի խոստումները, սակայն ոչ մի անդրադարձ չի կատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որը նույնպես ընդգրկված էր ԱՄՆ նախկին նախագահի ընտրական քարոզարշավի խոստումների ցանկում:

Հոդվածի ներքևում մեկնաբանություն արած` Տիգրան Գրիգորյան անունով օգտատերն իր վրդովմունքն է հայտնել այդ կապակցությամբ` հիշեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Օբամայի խոստման մասին: Նա, որպես փաստ, տեղադրել է վերոնշյալ խոստումի՝ Youtube-ում տեղադրված տեսանյութը:

«Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ուներ դա անելու 8 հնարավորություն: Աշխարհում ամբողջ հայությունն այն ճանաչում է ամեն ապրիլի 24-ին, սակայն նա հրաժարվեց դա անել»,-գրել է հայ օգտատերը: