կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 17:14
Սպորտ

ՄՕԿ-ի կենտկոմի որոշումն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի դեմ. Վահրամ Առաքելյան

ՄՕԿ-ի կենտկոմի որոշումն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի դեմ. Վահրամ Առաքելյան

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, նախկին ըմբշամարտիկ Վահրամ Բազմասերի Առաքելյանի կարծիքովէ ՄՕԿ-ի կենտկոմի որոշումը Ռուսաստանի դեմ է ուղղված:

 

 -Պարո'ն Առաքելյան, վստահ եմ, որ տեղյակ եք ՄՕԿ-ի կենտկոմի որոշման  մասին: Դուք, որպես նախկին ըմբշամարտիկ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

-Բնականաբար, շատ վատ եմ վերաբերվում այդ հայտարարությանը: Ըմբշամարտն այն սպորտաձևը չէ, որ դիտողականության կամ մասսայականության խնդիր ունենա: Իհարկե, վերջին ժամանակներս շատ են փոխվել ըմբշամարտի կանոնները. եթե մեր ժամանակներում մի գոտեմարտի ժամանակ կիրառվում էր 6-7 հնարք, այժմ ամենաշատը 3-4-ն արվի: Սա էլ քիչ դիտարժան է դարձնում սպորտաձևը, բայց չեմ կարծում, որ դա է ՄՕԿ-ի որոշման  պատճառը: Ըմբշամարտը միշտ մեծ մասսայականություն է վայելել: Այստեղ ուրիշ հարց կա:

  

-ՄՕԿ-ի նման որոշումը պատճառաբանող շատ վարկածներ կան, որոնցից մեկը`  FILA-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) գործունեության թերացումներն են: Ի՞նչ կասեք Դուք:

 -Անկեղծ կասեմ` ես շատ դժգոհ եմ FILA-ի` վերջին ժամանակներս ծավալած աշխատանքներից: Սարսափելի է: Կաշառում են մրցավարներին: Ամեն ինչ անում են, որպեսզի շահ ունենան: Հատկապես` Ադրբեջանն է փայլում այդ գործում: Մրցումներ են հովանավորում, չգիտես` ինչեր են անում: Ինքս ներկա եմ եղել շատ մրցաշարերի, երբ տարբեր երկրների հավաքականները ցանկացել են լքել մրցումները և հեռանալ: Հիշում եմ` Մոսկվայում մրցումներից մեկի ժամանակ կողային մրցավարը չէր ենթարկվել Ռաֆայել Մարտինետեիին (FILA նախագահ) և արդար դատում էր գոտեմարտը: Մարտինետին իջավ ներքև և հարվածեց մրցավարին: Սա է դառը իրականությունը: Հիմա, երբ FILA նախագահը այլևս նա չէ, շատ բաներ կփոխվեն:

  

-Ի՞նչ արձագանք ունեցավ ՄՕԿ-ի որոշումը բուհի ուսանողների շրջանում:

 -Տղաներն ուղղակի ապշած էին: Ամեն անգամ, երբ ինձ տեսնում են, հարցնում են, թե ինչ առաջընթաց կա, ինչ նորություն կա: Սա նրանց համար մեծ հարված է: Բացի այդ, ամեն օր մոտ 20 զանգ եմ ստանում այդ նույն հարցով: Փողոցում անծանոթ մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, մոտենում, հարցնում են, թե ինչ է լինելու այս ամենի վերջը:

 

 -Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչ կլինի այս ամենի վերջը:

 -Լուծումը շատ բարդ է տրվելու: Ամբողջ աշխարհն իրար է անցել: Տեղյակ եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է խառնվել այս հարցին: Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ ըմբշամարտը Ռուսաստանի հենակետային մարզաձևերից մեկն է: Հիմնական մեդալները Ռուսաստան են բերում ըմբիշները: Իմ կարծիքով` այս ամենն ուղղված է հենց Ռուսաստանի դեմ: Օլիմպիական չեմպիոնները վերադարձնում են մեդալները, հացադուլ են անում: Այս ամենը կնպաստի հարցի` դրական լուծմանը: Համենայն դեպս, ես հույս ունեմ: Սա խաղ է: Որի լուծմանը պետք է սպասել:

 

 -Իսկ ի՞նչ է անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս հարցի առնչությամբ:

 -Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, անշուշտ, տեղյակ է այս մասին: Աշխատանքներ տարվում են, բնականաբար: Հեռուստացույցով անընդհատ ցուցադրում են մեր հայրենակից ըմբշամարտիկների ելույթները, մրցումները, հաղթանակները,  որպեսզի  գոտեպնդվեն թե’ մարզիկները, թե’ հայ ազգը: Բացի այդ` Թբիլիսիում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ շատ հարցեր պարզ կլինեն: Այտեղ կլինեն նաև ԱՕԿ-ի ներկայացուցիչներ: Կքննարկվեն առաջիկա անելիքները:

  

-Խոսեցիք Եվրոպայի առաջիկա առաջնության մասին, որն առաջինն է ՄՕԿ-ի արած հայտարարությունից հետո: Ըստ Ձեզ` մարզիկները հոգեպես պատրաստ են, թե, այնուամենայնիվ, հիասթափություն, անհավատություն կա:

-Հուսամ, որ մեր տղաները արժանի հանդես կգան: Նրանք չպետք է ընկճվեն, այլ պետք է պայքարեն մինչև վերջ` անկախ ամեն ինչից: Պետք է հավատալ և սպասել: Չեմ կարծում, որ ՄՕԿ-ը կհաստատի նախնական որոշումը, դա սարսափելի սխալ կլինի:

  

Հարցազրույցը վարեց Շուշանիկ Հակոբյանը