կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 17:46
Արցախ

Ոչինչ չի ստիպի լիտվացի պատգամավորին` փոխել ԼՂՀ հարցում իր կարծիքը

Ոչինչ չի ստիպի լիտվացի պատգամավորին` փոխել ԼՂՀ հարցում իր կարծիքը

ԼՂՀ-ն Հայաստանի անկախացման ճանապարհի անկյունաքարերից մեկն էր, եւ մտածեցինք, որ լավ կլինի այդպիսի բարեկամության խումբ ստեղծել, որովհետեւ անկախության առաջին տարիներին Լիտվան շատ հստակ արտահայտվել էր ԼՂՀ-ի վերաբերյալ, հետաքրքրություն էր ցուցաբերել այնտեղ ընթացող դեպքերի կապակցությամբ, եւ մտածեցինք, որ լավ կլիներ մի փոքր վերադառնալ այդ արժեքներին եւ խոսել այդ ամեն մասին. yerkir.am-ին այսօր ասաց Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ հետ բարեկամության խումբ ստեղծելու հռչակագիրը ստորագրած պատգամավորներից Դալիա Կուոդիտեն:

 

Նա նշեց, որ մյուս կողմից` իրենց շատ հետաքրքիր է, թե ի՞նչ պրոցեսներ են այժմ ընթանում ԼՂՀ-ում, ինչպե՞ս են այնտեղ ապրում մարդիկ, ինչի՞ մասին են մտածում: Հենց այդ պայմաններում էլ ծնվեց Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու միտքը: Դալիա Կուոդիտեն հայտնեց, որ Լիտվայի խորհրդարանի իրենց որոշ գործընկերներ այդ որոշմանը շատ քննադատաբար են մոտեցել:

 

«Բոլոր դեպքերում` հիստերիայի յուրաքանչյուր դրսեւորում անտեղի է, առավել եւս, որ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որ պետք է շփվել այն երկրների եւ տարածաշրջանների հետ, որոնք խաղաղ չեն, որոնցում ինչ-որ քննարկումներ կամ հակամարտություններ են ընթանում, եւ ես կարծում եմ, որ ոչ մի հանցավոր բան չենք արել: Ամեն դեպքում` ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ զգում եւ չեմ կարծում, թե հանցագործություն եմ կատարել»,- ասաց Կուոդիտեն:

 

Yerkir.am-ի հարցին` Ադրբեջանի կողմից իր վրա «խավիարային դիվանագիտության» կիրառման փորձեր չե՞ն եղել, նա պատասխանեց, թե մարդիկ շատ լավ են հասկանում, թե ում հետ ինչպես կարելի է խոսել, հավանաբար` դրա պատճառով իր նկատմամբ նման փորձեր չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից persona non grata հայտարարվելու մտավախությանը, ապա Դալիա Կուոդիտեն ոչնչից չի վախենում, որովհետեւ որեւէ մեկը չի կարող իրեն ուղղություն ցույց տալ կամ ազդել իր` ինչ-որ մեկի հետ բարեկամություն անելու որոշման վրա, եւ սա լիտվացի պատգամավորի համար գլխավորն է:

 

«Եթե նույնիսկ Ադրբեջանի կողմից persona non grata էլ հայտարարվեմ, կդիմանամ առանց Ադրբեջանում ճանապարհորդության, դա իմ կյանքի ամենամեծ դժբախտությունը չէ: Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանականներին ինչ-որ կերպ կարող են ուժով բան ստիպել, հակադարձել մեր որոշմանը, որը ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի որդեգրած քաղաքականությանը` մասնավորապես, եւ եվրոպական քաղաքականությանը` ընդհանրապես»,- ասաց Արցախի բարեկամ լիտվացին:

 

Լիտվացի պատգամավորը yerkir.am-ին տեղեկացրեց, որ ԼՂՀ-ի հետ բարեկամության խումբ ձեւավորելու մասին հռչակագրի ընդունումից հետո Լիտվայում տարբեր գործընթացներ են սկսվել` հավելելով, որ, իհարկե, շատ ակտիվ է աշխատում Ադրբեջանի դեսպանությունը, բայց ավելացրեց, թե դա նրանց աշխատանքն է. նրանք պետք է հենց այդպես էլ աշխատեն: Պատգամավորի պատմելով` արդեն իսկ այս հարցում կա որոշակի լարվածություն, բայց դա այնքան էլ վախենալու չէ: Դալիա Կուոդիտեի ու հռչակագիրը ստորագրած մյուս պատգամավորների համար դա անսպասելի չէր, ամեն ինչ կանխատեսելի էր:

 

«Ես կարծում եմ, որ հետագայում նորմալ աշխատանքներ են մեզ սպասվում, նորմալ շփումներ, եւ եթե ինչ-որ մեկը, նույնիսկ` ադրբեջանական կողմից, ուզենա խոսել այս թեմայով, ես պատրաստ եմ խոսել` ոչ թե ինչ-որ սպառնալիքների ու ճնշման տեսքով, այլ նորմալ բանավեճի»,- ասաց Դալիա Կուոդիտեն:

 

Վերջում նա հավաստիացրեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի զանազան միջոցներով իրենց վրա ինչ-որ ճնշումներ գործադրել, միեւնույն է, իրենք հռչակագրի իրագործման վճռականությունից հետ չեն կանգնի եւ նշեց. «Չգիտեմ, թե ինչ ճնշում դա կլինի: Ինձ ծանոթ չէ մի այնպիսի մեթոդ, որն ինձ կստիպի փոխել իմ կարծիքը»:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ