Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները տվյալ պահին ավելի լարված են, քան 1994 թվականին ստորագրված` հրադադարի մասին համաձայնագրից առաջ էր. լիտվական DELFI կայքին տված հարցազրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Ըստ նրա` բանն այն է, որ հակամարտությունը հաճախ փորձում են ներկայացնել որպես երկու` իբր փոխադարձաբար անընդունելի, անհաշտ միջազգային նորմերի` ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության իրավունքի բախում: Սակայն այդ երկու սկզբունքները բախման մեջ դնելը իրավական անգրագիտություն է:
Հովհաննիսյանը պնդում է, որ որեւէ առանձին երկրի կամ միջազգային իրավունքում ավելի կամ պակաս կարեւոր օրենքներ չկան: Խնդիրն այն է, որ տարբեր օրենքներ կարգավորում են միազգային հարաբերությունների տարբեր ոլորտներ:
«Տարածքային ամբողջականությունը սրբություն է, եւ երկու ինքնիշխան պետությունների փոխհարաբերություններում այդ սկզբունքը պաշտպանելը կարեւոր է: Ոչ մի պետություն իրավունք չունի օկուպացնելու մեկ այլ պետություն կամ դրա մասը: Սակայն կա իրավիճակ, երբ հակամարտության մեջ են մտնում ոչ թե ինքնիշխան պետություններ, այլ պետության մեջ մտնող որեւէ էթնիկ բաղադրիչ, ազգություն: Նման դեպքերում առաջնահերթը ազգերի ինքնորոշման սկզբունքն է: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքն էլ կիրառվել է: Եվ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվում են Մինսկի խմբի միջնորդների կողմից, դա հաշվի են առնում»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա վստահեցնում է, որ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, այդ պատճառով հակամարտությունը որպես հայ-ադրբեջանական ներկայացնելը դրա էությունը այլ հարթություն տեղափոխելու խորամանկ քայլ է: Ըստ Վահան Հովհաննիսյանի` հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացը հակառակ մոտեցումների բախում է. Ադրբեջանը ցանկանում է վերացնել իր իսկ սանձազերծած հակամարտության բացառապես հետեւանքները, իսկ հայկական կողմը պնդում է, որ վերացվեն հակամարտության պատճառները:
«Ադրբեջանում չեն հասկանում, որ Ղարաբաղն իրենց կազմում` բացառապես խորհրդային իրականություն է: Ադրբեջան պետություն մինչ այդ գոյություն չի ունեցել, իսկ խորհրդային տարիներին Ղարաբաղը ընդգրկեցին Ադրբեջանի կազմում, որպեսզի պատժեն չենթարկվող Հայաստանին»,- նշել է Հովհաննիսյանը` հավելելով, որ բոլշեւիկներին չենթարկված առաջին հանրապետությունը հենց Հայաստանն է եղել:
«Հայաստանի հետ նրանք վարվեցին այնպես, ինչպես 1939-ին Բալթյան երկրների հետ, երբ երկու բռնակալներ ստորագրեցին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը, իսկ դրանից 18 տարի առաջ նմանատիպ պակտ էր ստորագրվել Լենինի եւ Աթաթուրքի միջեւ»,- պարզաբանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը: