կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 22:11
Իրավական

Ընտրություններից հետո հարուցվել է 10 քրեական գործ

Ընտրություններից հետո հարուցվել է 10 քրեական գործ

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, ներառյալ` քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ստուգումների արդյունքում 2013թ. փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ:

 

Դրանցից առաջինը Պարույր Հայրիկյանի դեմ արված մահափորձն է: Հարուցվել է գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

 

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 14:25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից: ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Փետրվարի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնին այն մասին, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծ հասցեում տեղակայված թիվ 34/36 ընտրատեղամաս է մտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովի անդամների հասցեին կատարել վիրավորական արտահայտություններ և շուրջ 30 րոպե տևողությամբ խոչընդոտել ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը: Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կանխվել է հանձնաժողովի անդամների կողմից:

 

Եվս 6 գործ հարուցվել է ԶԼՄ-ների հրապարակումների ստուգման արդյունքում: