Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Ժառանգություն» կուսակցության` Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը մի փոքր ուշացումով սկսվեց, քանի որ հրապարակում էլեկտրականությունն անջատված էր: Yerkir.am -ի թղթակցի հաղորդմամբ`Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ խնդիր լուծված է եւ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` հոսանքը միացնելու համար: Նրա խոսքով` փետրվարի 28-ին` ժամը 17:00-ին, քաղաքապետարանը արտոնել է հանրահավաք անցկացնել:
Հովհաննիսյանը կոչ արեց մեքենաներից անհիմն հայտարարություններ չանել եւ վախ չտարածել, իսկ նրանց, ովքեր բարձրաձայնում էին հավաքի անօրինականության մասին, հորդորեց ապօրինություն ուրիշ տեղ փնտրել:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ Ազատություն հրապարակն այլեւս կուսակցություն չի ճանաչում: Այստեղ են Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի եւ անգամ ՀՀԿ ներկայացուցիչներ, քանի որ հրապարակում առաջին հերթին կանգնած է Հայաստանի քաղաքացին:
«Այստեղ կանգնած են անգամ այն մարդիկ, ովքեր իրենց քվեաթերթիկներն անվավեր ճանաչեցին, ովքեր չքվեարկեցին: Այստեղ մեզ հետ է 1988 թվականի շունչը»,- նշեց Հովհաննիսյանը:
Հանրահավաքի առաջին իսկ րոպեներին հրապարակում հավաքվածները վանկարկում էին` «Միացում», «Հաղթանակ», «Հայաստան»:
«Նոր ջրհեղեղ սկսվել է, լուրերը գալիս են»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ արդեն հրաժական են տվել Շիրակի մարզպետը, Արմավիրի քաղաքապետը, Վանաձորի քաղաքապետը:
«Մեկ առ մեկ ժողովրդին հրաժարական են ներկայացնելու մարզպետերը, քաղաքապետերը, ովքեր այս տարիներին մեզ թալանել են: Այդ փոքր մարդիկ ընկնելու են իրենց աթոռներից ու գահ է բարձրանալու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին: Ժողովուրդը տիրանում է իր իրավունքին եւ սրանից հետո էլ` նաեւ Հայաստանի իշխանությանը»,- հայտարարեց նա:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ՀՀ ԿԸՀ-ն վաղը հրապարակելու է ընտրությունների վերջնական արդյունքները, եւ կոչ ուղղեց նրանց ու իշխանություններին:
«Սա արդեն ՀՀ իշխանությունների ու այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է: Լավ թող մտածեն՝ ոչ մեկն ավելի բարձր չէ, քան ՀՀ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացին: Այդ հայտարարությունից մի ժամ անց կտամ մամուլի ասուլիս»,- հայտնեց «Ժառանգության» առաջնորդը:
Հանրահավաքի վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցանկանում է գնալ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, սակայն ոչ թե երթի տեսքով, այլ իր ընտանիքի անդամներով: