կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-23 12:50
Քաղաքական

ՀՀՇ համագումարի ընթացքը Լևոն Տեր-Պետրոսյանի սրտով չէ

ՀՀՇ համագումարի ընթացքը Լևոն Տեր-Պետրոսյանի սրտով չէ

ՀՀՇ համագումարն արդեն մեկնարկել է: Այստեղ է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց, կարծես, ամեն ինչ այդքան էլ հարթ ու ըստ ծրագրվածի չի անցնում:

 

Համագումարի օրակարգում ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության հարցի քննարկումն է: Բավականին ակտիվ է  ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Նա նախ համագումարը վարող` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին առաջարկեց ընտրությունների հետ կապված ՀՀՇ-ի գնահատականը ևս ներառել համագումարի օրակարգում: Առաջարկեց նաև, որ լինի հարց ու պատասխան: Արամ Մանուկյանը համաձայնեց Արարքցյանի առաջարկի հետ` տեսնելով, որ դրան կողմ է Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Մանուկյանն իր ելույթում ընդգծեց, որ ՀՀՇ-ն չի լուծարվելու, այն ընդամենը վերանվանվելու է, և նշեց, որ քաղաքականությունն առավելագույնի արվեստ է, ու որոշման հիմքում քաղաքական լուրջ հաշվարկ կա:

 

Մանուկյանի ելույթից հետո Արարքցյանը նախ հետաքրքրվեց, թե ի՞նչն էր խանգարում, որ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու հարցը քննարկվեր ՀՀՇ-ի շրջանակներում: «Մի՞թե սա ՀՀՇ-ի փրկության ճոպանն է, որ նետվեց»,- հարցրեց նա:

 

Հարցի երկար ձևակերպումը ակնհայտորեն դուր չեկավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա միջամտեց` ասելով, որ հարցն արդեն ելույթի է վերածվում: Իր հերթին, Արարքցյանը կրկնեց, որ ցանկանում է հասկանալ, թե ո՞րն է սրա քաղաքական հաշվարկը: Ներկաներից մեկն էլ հարցրեց, թե ո՞վ է ղեկավարելու կուսակցությունը` նկատելով, որ դա պետք լինի Տեր-Պետրոսյանը, ինչն այդքան էլ դուր չեկավ վերջինիս:

 

Տեր-Պետրոսյանը  Արամ Մանուկյանին գլխով հասկացրեց, որ բավարարվեն այս պատասխանով, և նշեց, որ ելութում այդ հարցերի պատասխանը կար: Ստեղծված իրավիճակից դժգոհելով` Տեր-Պետրոսյանը քթի տակ ասաց. «Չեղավ, չեղավ, դարձավ ասուլիս»: Հետո դուրս եկավ ծխելու: