Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին: Մենք 3 տարի այդ մասին ասել ենք, ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում: Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,- ասաց նա:
Ռուստամյանը պնդեց, որ վարչապետը նույն լիազորությունները չունի: «Ոչ, վարչապետը չունի այն լիազորությունները, որ ուներ նախագահը: Դրանք սար ու ձորի նման տարբերվում են»,- նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: «1/3-ը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունն այդքան է»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: «Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սպառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի: «Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոնկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,- նշեց Ռուստամյանը: