կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 15:33
Առանց Կատեգորիա

Աո՜ւ, ԲՀԿ

Աո՜ւ, ԲՀԿ

Հետընտրական այս փուլում դիտորդներն արդեն ասել են իրենց ասելիքը, Սերժ Սարգսյանը ստացել է բազում շնորհավորանքներ, Հայաստանի քաղաքական կյանքում դերակատար բոլոր ուժերն իրենց դիրքորոշումը հայտնել են` համապետական այդ գործընթացի հետ կապված, բացի ԲՀԿ-ից: Զարմանալի են ոչ միայն ԲՀԿ-ի չարձագանքելը, այլեւ այդ համրության վերաբերյալ կուսակցությոան ներսից հնչող գնահատականները:

 

Պարզվում է` ԲՀԿ-ն դիրքորոշում չի հայտնում, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ: Այդպես ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակը: ԲՀԿ առաջնորդը Հայաստանում չէր նախընտրական քարոզարշավի գրեթե ողջ ընթացքում, ընտրության օրն էլ, թեեւ Հայաստանում էր, չի մասնակցել քվեարկությանը, հիմա պետք է գա ու ի՞նչ ասի: Ի՞նչ դիրքորոշում պետք է հայտնի Ծառուկյանը ընտրությունների վերաբերյալ, որը պետք է լինի ԲՀԿ-ի տեսակետը, երբ գործընթացին այդ կուսակցությունը բացահայտ պասիվ մասնակցություն է ունեցել: Քարոզարշավի ընթացքում խորհրդարանական մյուս ուժերը մշտապես հարցազրույցներով են հանդես եկել, հնարավորություն ունեցել տեսակետ հայտնել, բացի ԲՀԿ-ից:

 

Կամ` ինչո՞ւ է ԲՀԿ-ն սպասում Ծառուկյանի վերադարձին, եթե, միեւնույն է, խոսնակները պետք է գրեն հայտարարություն, Ծառուկյանը տակը ստորագրի կամ պատվիրի նոր տեքստ... Եվ այդպես այնքան ժամանակ, մինչեւ նրա եւ Սերժ Սարգսյանի դուրը գա տեքստը, հետո հրապարակեն: Դա կարող են անել նաեւ, երբ նա դրսում է: Այլապես` շատ ծանր իրավիճակ է  ստեղծվում ԲՀԿ-ի համար. խորհրդարանական բոլոր ուժերը՝ ՀՀԿ-ն (ՕԵԿ-ը), ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը հայտնել են տեսակետ, իսկ մեծությամբ առաջին, ստացած ձայների քանակով երկրորդ ուժը, որը մշտապես իրեն պարուրել է «ժողովրդի հետ» կարգախոսով, ասելիք չունի, երբ շեֆը Հայաստանում չէ:

 

Բնականաբար, ԲՀԿ-ի քար լռությունն ունի իր բացատրությունը. կա'մ ԲՀԿ-ն պետք է հայտարարի, թե ընտրությունները կեղծվել են, ինքը համաձայն չէ արդյունքների հետ եւ այդպես փակի կոալիցիա տանող իր ճանապարհը, կա'մ պետք է նույն բանն ասի ու միանա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին՝ կրկին նույն հետեւանքով (իսկ ԲՀԿ-ականները մասնավոր ու հրապարակային խոսքերով չեն ժխտել, որ հնարավոր է վերադարձ կոալիցիա), կա'մ էլ պետք է շնորհավորեն Սերժ Սարգսյանին տարած «հաղթանակի» կապակցությամբ եւ դրանով կորցնեն ընտրազանգված, որի մի՝ ոչ փոքր հատվածն ընտրություններում այլ թեկնածուի բացակայության պայմաններում ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ահա, թե ինչ ընտրության առջեւ է ԲՀԿ-ն: Եվ չի բացառվում, որ կուսակցության «տարագիր» առաջնորդը մինչ հետընտրական խաղաղության հաստատումը դրսում «գործնական հանդիպումներ» ունենա...

 

Խաչիկ ՍԵՎՈՒՆՑ