Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրարշավն ավարտվում է։ Բոլոր յոթ թեկնածուներն էլ ընտրարշավի մեջ մտան բացարձակապես առանց քարոզչական տեխնոլոգիայի։ Եվ ամբողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ որեւէ քարոզչական հնարք չնկատվեց։ Այսինքն, այն, ինչ այսօր համարվում է թեկնածուների քարոզչական հնարք՝ ձեռքսեղմում, մուննաթ, հացադուլ, փամփուշտ, էպոս, մասոն, միմյանց բնական հակազդեցություններ են, ոչ թե ամիսներով մտածված արարք կամ ասելիք։ Փոխարենը ՀՀԿ թեկնածուն, հավանաբար միտումնավոր, արժեզրկեց հայոց լեզուն, դիցուք, «խիյարը թարս բուծելով», Հայրիկյանն իր կամքին հակառակ վիրավորվեց եւ այն դարձավ քաղտեխնոլոգիա։
Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավը սկսեց հացադուլով, Րաֆֆի Հովհաննիսյանը բառի բուն իմաստով մեյդան ընկավ «ձեռսեղմումների էքսպանսիայով»։ Արման Մելիքյանի քաղտեխնոլոգիան անձի ուղղակի բացակայությունն է եւ այն հանկարծակի կոչը, որ լավ կանեք քվեաթերթիկում «իմ անվան դիմաց նշում կատարել' ... ձայնը տալով իմ այն հռչակմանը, որ այս ընտրությունները կեղծ են»։ Հրանտ Բագրատյանը միակն է, որի քարոզարշավը «քաղտեխնոլոգիական» էլեմենտներով չի տարբերվում Հայաստանի անկախությունից հետո տեղի ունեցած բոլոր քարոզարշավներից։ Մարդը պարզապես մարդկանց ասում է, թե ինչ է մտածում իշխանության ու տնտեսության մասին։ Ասում է լրիվ ավանդական միջոցներով՝ հեռուստահարցազրույցներ, հանրահավաքներ մարզերում, ասուլիսներ։ Վարդան Սեդրակյանը քաղտեխնոլոգիայի բացակայության իդեալական ներկայացուցիչն է։ Նրա քարոզարշավն իրականացվեց այնպես, որ նա այսօր ստիպված բացատրություն է տալիս, թե ինչ կապ ունի Հայրիկյանի վրա կրակողների հետ։ Այսինքն, թեկնածուները բառի բուն իմաստով «ռելաքսի» մեջ են։ Եվ այդ «ռելաքսի» մեջ, այնուամենայնիվ, գնահատման ենթակա իրողություններ կան։
Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգիական նվաճումը մնացած 6 թեկնածուներն են։ Հետեւաբար, նա էլ հենց «ռելաքսի» գաղափարախոսն է, մարմնավորումը։ Մարդն այնպիսի մրցակիցներ ունի, որ կարող է ինքն իրեն տուգանել, ասենք, Վարդենիսում հնչած ադրբեջաներեն խոսքը ներկաներին չթարգմանելու համար։ Րաֆֆի Հովհաննիսյանը աջ ու ձախ մարդկանց ձեռքն է սեղմում։ Ընդհանուր առմամբ, սա համարվում է քաղտեխնոլոգիական քայլ։ Բայց հիգիենիկ առումով խայտառակություն է։ Մարդիկ ազատ են իրենց ձեռքերի հետ վարվելու ինչպես ուզում են։ Հնարավոր է, երկու րոպե առաջ անակընկալ փռշտոցը ծածկել են ձեռքի ափերով։ Հետո այդ ձեռքը մեկնում են Րաֆֆիին։ Իսկ Րաֆֆին էլ մեկնում է մեկ ուրիշին։ Առանց կասկածելու, որ մաքուր ձեռք են մեկնում, ստանալով վարակ։
Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է, եւ ինչ-որ իմաստով՝ կրիտիկական վիճակում։ Ինչպե՞ս նա կարող է ավելի լուսավոր դարձնել Հայաստան աշխարհի օրերը, եթե նրա օրգանիզմում, ինչպես բժիշկներն են հավատացնում, սկսվել են անդառնալի պրոցեսներ։ Եվ այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի հայ ժողովուրդը։ Անդրիաս Ղուկասյանի քաղտեխնոլոգիան իրականում հետընտրական է, այսինքն, մարդն ուզում է իրենից ինչ-որ բան ներկայացնել նաեւ ընտրություններից հետո։ Պարույր Հայրիկյանը քարոզարշավ մտավ մարմնի մեջ մինուճար փամփուշտի գնդակով։ Գնդակը մարմնից դուրս եկավ, բայց ոչ քարոզարշավից։ Բայց Հայրիկյանն ընկավ գնդակի եւ քարոզարշավի արանքը։ Ու փչացրեց ամեն ինչ։ Ըստ այդմ, նա միակն էր, ով ինքնուրույն մխտռեց իր քարոզարշավը։ Նրա փոխարեն գնդակն ամեն ինչ անում էր։
Հրանտ Բագրատյանը արտառոց ոչինչ չկիրառեց այս քարոզարշավին։ Մարդը լավ գիտի հայ ժողովրդին, բայց բացարձակապես ոչինչ չգիտի հայկական ընտրություններից։ Իսկ ընդհանուր առմամբ ոչինչ մտածել պետք չէր, միակ տեսանելի ընդդիմությունն է այս ընտրություններում։ Հետեւաբար տեխնոլոգիաներն էլ ոչնչով չէին օգնի։
Արման Մելիքյանին կարիք կլինի փնտրել ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլեւ՝ քվեաթերթիկում։ Մարդը «դրսեւորվեց» ինքնաբացարկի սինդրոմով։
Վարդան Սեդրակյանը կարող էր, օրինակ, քարոզարշավ իրականացնել ձիու վրա նստած, թեկուզ Ցռան Վերգոյի հագուկապով։ Վերգոն էպոսի «գաղափարախոսն» էր։ Այդ էլ չարեց։ Հետեւաբար, նա էլ ընտրություններում դրսեւորվեց ինքնաբացարկի սինդրոմով։ Այսպիսով, բոլոր այս թեկնածուները դարձան Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգիան վերջինիս թողնելով թարս աճած խիյարը, սերիալը եւ այլ բոցեր։
Սեյրան Հանոյան