կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 13:57
Քաղաքական

Գալուստ Սահակյանը՝ Չեբուրաշկայի, խիյարի եւ լացող կնոջ մասին

Գալուստ Սահակյանը՝ Չեբուրաշկայի, խիյարի եւ լացող կնոջ մասին

ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ առնվազն երեք միջադեպ գրացվեց, որոնք քննարկումների առիթ տվեցին սոցիալական ցանցերում:

 

Նախ` Դավիթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի կին, դիմելով Սերժ Սարգսյանին, մեջբերել էր մուլտֆիլմերից մեկը՝ «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան». «Мы строили, строили и наконец построили. Ура!»:

 

Հաջորդ միջադեպը գրանցվել էր Եռաբլուրում, երբ իրեն մոտեցած` լաց լինող կնոջը նախագահը սաստել էր` ասելով.  «Եկել էս ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:

 

Իսկ Մովսես գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն, հանդիմանելով գյուղացիներից մեկին, ասել էր. «Սենց եք անում, որ խիյարը թարս ա աճում»: Նաեւ հայտարարել՝ ե՞ս եմ մեղավոր, որ էրեխեքդ Ռուսաստան են գնացել:

 

Yerkir.am-ը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեց առանձին-առանձին պարզաբանել այս միջադեպերի ժամանակ ՀՀ նախագահի պահվածքը: Որքան էլ տարօրինակ է, Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ որեւէ միջադեպի մասին չի կարդացել, տեսանյութ չի դիտել, իսկ այդ ամենը որակեց  որպես «լրագրողական բամբասանք, որը ճոխացված ներկայացվել է»:

 

«Որ ոչինչ չեն գտնում, մի բան են ստեղծում, որ մի քիչ կարողանան մթնոլորտ ստեղծել՝  իբրեւ մենք էլ ենք աշխատում: Նախագահը սովորություն ունի ժողովրդի նեղ շրջանակներում ժողովրդի բան ու խոսքով հանդես գալ: Սա ոչ միայն մեթոդ է, այլ մեր ժողովրդի լեքսիկոնում դարձվածք»,- հայտարարեց նա:

 

Մեր դիտարկմանը, թե` ստացվում է` նորմալ է ՀՀ նախագահի պահվածքը, Սահակյանն արձագանքեց. «Եթե ես էլ Ձեր արտահայտություններից մի բան հանեմ, մանավանդ` ես դրա պրոֆեսոնալն եմ, այնպիսի մի հումորիկ, սատիրիկ մի բան կսարքեմ, որ էլ ասելու չէ... Ես չեմ կարծում, որ եթե գնաք մարզերը կամ Երեւանի փողոցները Չեբուրաշկայից կամ խիյարից խոսացող է լինելու: Եթե խիյարի մասին արտահայտությունը ոմանց ուղեղի ծալքերը ընդունում են որպես հայհոյանք, դա նորմալ չէ, բայց երբ ընդունում են որպես նախագահի մտերմիկ, անմիջական զրույց, դա բավականին նորմալ է եւ գնահատելի»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Անդրադառնալով Չեբուրաշկայի պատմությանը` նա չհամաձայնեց, որ այդ կնոջ խոսքերը քծնանք էին: «Մարդ է` ասել է, էդ մարդն էլ էդ ձեւի է, հիմա ի՞նչ անենք, կախե՞նք»,- ասաց Սահակյանը եւ ընդգծեց, որ ոչ այս, ոչ էլ մյուս դեպքերը նախագահի վարկանիշի վրա ազդել չեն կարող:

 

Ինչ վերաբերում է Եռաբլուրի միջադեպին, նա հայտարարեց, որ դա նույն շարքն է դասում: «Ես դրանից, իհարկե, շատ լավ եմ զգում, որ բոլորը նախագահից բարձր վերաբերմունք են պահանջում, բայց դա այն դեպքում կլինի, երբ բոլորն էլ բարձր եւ արժանի վերաբերմունքով նախագահ հասկացողության տրամաբանությունն ընկալեն, որ պատեհ-անպատեհ առիթով չմոտենան ու մասնավոր հարցեր չտան: Սա է ճշմարտությունը»,- նշեց Գալուստ Սահակյանը: