Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջնագծում վիրավոր զինծառայողներին օգնելիս ամեն կերպ փորձում էինք մեր զգացմունքները հաղթահարել, հույզերին չտրվել, որովհետև զինվորի կյանքն էր դրված սեղանին. yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վլադիմիր Սարգսյանը:
Սարգսյանն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ապրիլի 2-5-ը եղել է Ղարաբաղում` առաջնագծում, բուժօգնություն է ցուցաբերել վիրավոր զինծառայողներին:
Ի դեպ, Սարգսյանը ժամանակին ծառայել է հենց Ղարաբաղում: «Առհասարակ, ծառայած լինելը շատ էր օգնում այնքանով, որ ծառայության ժամանակ մենք արդեն անցել էինք այդ ամենի միջով, և հիմա ուղղակի մնում էր արագ կողմորոշվել ու ճիշտ քայլերի դիմել: Մարտական գործողությունների ժամանակ սահմանին առաջին անգամ էի որպես մասնագետ լինում: Զինվորի կյանքը շատ կարևոր է մեզ համար, յուրաքանչյուր զինվոր արժեք է մեզ համար: Փառք ու պատիվ յուրաքանչյուրին, որովհետև մենք այսօր ունենք 18 տարեկան զինվոր, որի մեջ այնքան հայրենասիրություն, կամք ու ուժ կա, որ թշնամու ոչ մի զենք էլ մեզ չի հաղթի: Մենք լացող կամ փախչող զինվոր չենք ունեցել»,- ասաց նա:
Բժիշկն այսօր արժանացավ պատվոգրի: Պարգևատրվեցին նաև ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկները, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերանները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է հաղթանակների օրվան, և ամեն տարի այս օրը ՀՀԿ երիտասասարդական կազմակերպությունն ու «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում:
«Մենք հաղթանակների տոնին նվիրված միջոցառումներում առանձնացնում ենք և' Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը` մեր պապերի ձեռքբերումները, և' Ղարաբաղյան պատերազմը` մեր հայրերի և եղբայրների ձեռքբերումները: Այդ ձեռքբերումների մեջ առանձնացնում ենք բժիշկների դերը, նշանակությունը: Այսօր մենք պարգևատրելու ենք ոչ միայն Հայրենական պատերազմի վետերան-բժիշկներին, այլ նաև նրանց, ովքեր վերջին օրերին իրենց մասնագիտական ողջ հմտությունները ներդրեցին առաջին գծում»,- ասաց Ավագյանը:
Ըստ նրա` այս օրերին առաջնագծում այնպիսի առողջապահական միջոցառումներ իրականացվեցին, որ շատ ու շատ զարգացած երկրներում անհասկանալի էին` խրամատում վիրահատություններ, բժշկական այնպիսի միջամտություններ, որոնց շնորհիվ շատ զինվորների կյանքեր են փրկվել:
Ավագյանը տեղեկացրեց նաև, որ պարգևատրման ներկայացված չեն ռազմական բժիշկները, քանի որ առաջիկայում ԼՂ-ում տեղի կունենա հատուկ միջոցառում, որտեղ էլ կպարգևատրեն նրանց:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ միշտ եղել է առանձնահատուկ` իր հաղթանակներով, իր հույսով, այն արժանապատվությամբ լի ամիս է:
«Մայիսը Սարդարապատի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Պաշտպանության բանակի կազմավորման ամիսն է: Մայիսն այսօր էլ ոգեշնչում է մեզ` որպես մեծ հաղթանակների ամիս: Ես գլուխ եմ խոնարհում մեր նահատակված զինվորների առջև, վիրավորներին ապաքինում եմ ցանկանում: Նրանց աչքերում այս օրերին տեսել եմ միայն մեկ ցանկություն` արագ վերադառնալ շարք, արագ վերադառնալ խրամատ և անառիկ պահել հայրենիքի սահմանները, մեր երեխաների անդորրն ու մեր արժանապատվությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բժիշկներին, որոնք այս օրերին զինվոր են դարձել: Մենք անհաղթելի ենք»,- ասաց նախարարը:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լուսինե Մկրտումյանը, ով նույնպես պատվոգրի էր արժանացել առաջնագծում նվիրաբար իր աշխատանքը կատարելու համար, ասաց. «Մեր բոլոր զինվորները հերոսներ են: Գիտե՞ք` վիրավոր զինվորները տանը ոչ մեկին չէին ասում, որ վիրավորվել են: Բացի այդ` տղաները, իմանալով, որ վիրավոր էին, իմանալով, որ կարող էին մահանալ, եթե վիրավոր շարունակեին կռվել, միևնույն է, կռվում էին, մինչև վերջ պայքարում: Մարտակերտի հոսպիտալում էլ բոլորն ասում էին` այնպես արեք, արագ լավանանք, որ առաջնագիծ գնանք` մեր ընկերներն այնտեղ են: Ոչ ոք չէր ասում, որ ցավում են վերքերը, թեև ես լավ գիտեմ` ինչ ցավեր են ունենում, բայց, մեկ է, պնդում էին, թե չի ցավում: Նման զինվորներ ունենք` առաջնագծում կանգնած»:
Պարգևատրված զինծառայող, շարքային Բենիկ Եղիազարյանը որովայնի շրջանում է բեկորային վիրավորում ստացել, մեկ անգամ Ղարաբաղում են վիրահատել, հետո տեղափոխել են Երևան և կրկին վիրահատել: «Երկու վիրահատություն եմ տարել` որովայնի և ձախ ձեռքի շրջանում: Ապրիլի 5-ն էր, մարտական դիրքերում էինք, և սննդի մեքենան մոտեցավ, որ սնունդ ստանանք: Հակառակորդը նկատել էր մեքենան և միանգամից կրակ բացեց մեքենայի ուղղությամբ: Շնորհակալ եմ, իրոք, բժիշկներին, որոնք այս օրերին ասես մեր մայրերն ու քույրերը դարձած լինեին»,- ասաց նա:
Պատվոգրի արժանացած կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանը Գյումրիից է, ծառայության է անցել ԼՂ-ում: Ապրիլի 4-ին մարտական գործողությունների ժամանակ էլ վիրավորվել է: «Կրծքավանդակի հատվածում ստացել եմ բեկորային վնասվածք, բեկորը ծակել էր թոքս, բայց հիմա արդեն ապաքինվում եմ շնորհիվ մեր բժիշկների: Դիրքերում կատարում էինք շրջանաձև պաշտպանություն, երբ հակառակորդը սկսեց կրակել մեզ վրա: Հետո արդեն արկ պայթեց, բայց, բարեբախտաբար, միայն ես վիրավորվեցի»,- ասաց նա` հավելելով, որ ապաքինվելուն պես պետք է շտապի առաջնագիծ, քանի որ դեռ 1 տարի 7 ամիս ունի ծառայելու: