կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 18:31
Առանց Կատեգորիա

Էդ.Միլիտոնյան. Բանաստեղծություններ

Էդ.Միլիտոնյան. Բանաստեղծություններ

 

ՄԱՐԴՈՒ  ԺՊԻՏԸ

 

Մարդու ժպիտը խառը կանաչի է:

Նրան հրամայվեց չխանգարել տեսքը քաղաքի, ժպտալ

Վարդի պես կամ վարդագույն շենքի:

 

Մարդը փորձել է խոսել ռեհանի,գինձի,

Ու սամիթի մասին,

Բայց քշվեց մայթից, քաղաքից դուրս:

Ինքն էլ թռավ երկրից անդին:

Հիմա օտար քաղաքում ժպտում է,

Փշոտ վարդի հանգույն:

 

ԷԿՈԼՈԳԻԱ

 

Անվերջ ծերացող Եվրոպայում

Եւ Ամերիկայում նոր

Էկոլոգիապես մաքուր խնձոր են փնտրում կանայք,

Ոչ այն, որ շեղեց ուղին Ադամի:

Կամ հենց այն, որ մեղքի հյութ ուներ:

Կարեւորը մաքուր լինի էկոլոգիապես:

Մայրս նայում է հողի միջից՝ հողից ծանր,

Եւ ինձ ասելիքը սեպից սուր է,

-Տղաս, խնձորն ի՞նչ է, որ մաքուր լինի...

 

Կեր փոշոտ, ցեխոտ, որդի պես է  ներսից:

Խիղճդ մաքուր պահի:

Ու թե որդ կա խնձորի եւ հողի մեջ՝

Դեռ կարելի է ապրել,

Չվախենալով թույն ու մաղձից,

Կյանք ու մահից:

 

ԼՐԱՀՈՍ

 

Խելագարության տենդով բռնված

Խոսքը վազում է

Ականջից ականջ,

Աչքից աչք:

 

Լռությունը խուլ ու համրի պես

Ցնցումներով է պատասխանում:

 

Գաղտնիքը բաց է:

Թակարդները լարած, բոլորին ի տես:

Միակ ճանապարհի ծայրին լաբիրինթոսն է,

Ուր մարդիկ եւ մկներն են

Իրար ուղեղները զիջում

Անհոգի ժպտալով:

 

ՄՇՈՒՇՆԵՐԸ

 

Մշուշները արածում են մեզ

Գլուխները կախ,

Դանդաղ ուռճանալով:

Ով պատրաստ է մահվան՝

Ծաղկած երիցուկ է:

 

ՀՈ ԳԻՆ

Բզկտված հոգու

Ավերակներին

Ագռավներ,

Կռռում են.

-Ո՞ւր է տիրոջ մարմինը:

-Դա է, -եղավ պատասխանը:

Մարմինը վաղուց են կերել:

 

ԹՈՆԻՐ

 

Կանանց արգանդներում հունցում էին

Տոհմեր, ցեղախմբեր:

 

Այլեւս որդիները՝ արգանդներում,

Հացը՝ թոնիրներում

Ապրելը՝ երկնքի տակ,

Սերմի պես ճաքելը՝ հողի մեջ:

 

Նախնադարից մինչ այժմ

Անփոփոխ է մնում

Կրակից մարմին կերտելու

Մեր ձեռքերի կաթնասուն կիրքը:

 

***

Աղջիկները չեն բամբասում սիրելու պահին,

Միայն սիրելու պահին,

Նրանք չեն բամբասում Կլեոպատրային,

Շամիրամին:

Ապրողներին են բամբասում:

 

Աղջիկները փափկում են սիրելուց հետո,

Նրանք բամբակ են լուցկու կողքին:

Նրանք կվառվեն, թե սերը ուԺգին է:

Նրանք սիրո ցախ են ու ծղոտ:

Նրանք բամբասում են սիրո ծարավից

Եւ ծովը մի մեծ բամբասանք է:

 

ՄԻՋՆԱՄԱՏ

 

Բթի եւ ճկույթի մեջտեղում լինել,

Նշանակում է՝մի քիչ բութ,

Մի քիչ ճկույթ լինել:

Այդպիսիք երբեք չեն արտասանում՝

Լինե՞լ թե՞ չլինել:

 

ՄԽԻԹԱՐԱՆՔ

 

Չարերը սպանում են բարիներին,

Բարությունը հաղթում է չարությանը:

Մարդիկ մեռնում են, ապրում է ԱՍՏՎԱԾ:

 

ՄԱՐԴԻԿ

 

Մարդիկ կային, քայլում էին,

Մեջքներին գիր՝

«Պահպանվում է պետության կողմից» :

 

Եվ մարդիկ էլ, քայլում էին

Կրծքներին դաջվածք՝

«Չի պահպանվում պետության կողմից» :

 

Առաջինները կերան երկրորդներին,

Վերջինները դարձան առաջին,

Եւ առաջինները վերջին:

 

Մեջտեղում ով կար, այդպես էլ մնաց

Անշարժ գույքի շուկայում: