|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ծնվել է Շամախի քաղաքում։ 1890 թվականին` հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա։ Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրում է Կովկասում և մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն: Երևանում քչերը կարողացան կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին, ում կոչում էին հայկական Գյոթե։
ՓՈՂՈՑՈՒՄ
Եկ քեզ տանեմ: Թեւս սեղմիր,
Զգոյշ քայլիր
Եւ փողոցից,
Ուր խոր մութը-անձրեւ,թախիծ-
Հռծկլտում են վիրաւորւած,
Անցնենք կամաց:
Սէրս որբ է անտէր,անտուն:
Սէերս որբ է ոտաբոբիկ եւ անանուն,
Կանգնած ինչպէս տխուր հառաչ
Դռան առաջ
Սրտիդ:
Ցեխի վրայ ծունկ է դրել,
Կիսով թաղւել
Քաղաքը լուռ:
Վայող քամին մագիլներով իր սըրասուր
Ճանկռոտում է տանիքները
Եւ տուներում կուկուզ արած պառաւները,
Քունը կորցրած,
Չարչարւում են, մտահոգւում:
Թեւս սեղմիր:
Նայիր-
Նման անբուժ, օրհասական մի հիւանդի,
Խաւարը այս երկարել է դանակի տակ վիրաբուժի,
Իսկ փողոցի ծայրին կանգնած
Մեզ սպասում է յույսի ճրագնը աղաւաղւած:
Ես ուզում եմ քեզ մօտ զգալ: Քանաքեռի
Բարձունքներում մի գիւղացի
Քարայրի մէջ նստած միտք է խոր մտածում,
Մինչ իր հօտը մթութիւն է արածում:
Նա ձանձրացած դուրս է գալիս
Եւ զզւանքով աշխարհի վրայ թափ է տալիս
Խոնաւ, թրջւած իր փափախը
Եւ զսպում է սրտի վախը:
Զգոյշ քայլիր: Մութի դիզած ստւերներում
Խորտակւել են պատրանքները: Մեզ սպասում է
քամին տրտում:
Սեղմիր թեւդ թեւիս ուժգին,
Շրջենք կամաց վիհին ոլոր եզերքներին:
ՄԻ ՄԵՆԵՐԳ
Ա’ռ, լուսին
տխրագին,
սիրտս վառ
ա’ռ:
Ցաւերի
հեկեկանք,
սին սխրանք
թախիծի
Է,-
սիրտս վառ
Է:
Բոցերում
շղարշիդ,
թեւերում
հմայքիդ,
թող կորչին
սըգածին
պատրանքներ
եւ խոհեր՝
ինձ մաշող
եւ այրող
այս կեանքի:
Ես մեռնել
եմ ուզում՝
քո կախարդ
ոսկեզարդ
անհունում:
Ես մեռնե’լ
եմ ուզում:
Քո մեռած
ժըպիտի
սադրանքով,
քո սառած
համբոյրի
մշտահիր
սաւանով՝
քօղարկի’ր
իմ հոգին,
ո~ լուսին:
Ա’ռ,լուսին
տխրագին,
սիրտս վառ՝
ա՝ռ:
ՄԵՌՆՈՂ ՔԱՂԱՔԸ
1.
Քաղաքը, պարպված վախի պատճառով,
Բազմապատկել է իր սեւ դռները:
Հեռվում հեծում է տխրության մի ծով-
Ծալվել են վհատ մարդկանց թեւերը:
Քանդվել է մի դար:Հին տարեցույցը
Մի խաչ է դրել խավարի վրա,
Որպեսզի բացվի գաղտնի հանգույցը,
Որպեսզի վերջին դեպքը չուշանա՝
Փշուր գա մահվա խուլ ժամացույցը:
Չե՞ք լսում միթե փողոցի լացը,
Ուր ոստիկանը կանգնել է մեռած:
Չե՞ք տեսնում սարսափ ցանող արկածը
Եւ տանիքների դիակները փռված:
Փակվել է ընդմիշտ հույսի շրջանը
Այս օրհասական քաղաքի ծայրին-
Սեւ ամպը նորից նվաճել է սարը
Եւ մեր արձանը գամվել է խաչին: